Logo

Մաթեուս Այասը՝ եվրագավաթներում «Նոայի» գլխավոր ռմբարկու. «Ֆերենցվարոշ» - «Նոա» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:09 / 31.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս նույնպես պարտվեց (3-4) հունգարական «Ֆերենցվարոշին» ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. «Նոային» էլ չհաջողվեց  Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճել: 2-րդ փուլում հանդես եկած հայկական 4 ակումբներից միայն «Փյունիկն» է հաղթահարել մրցակցի արգելքը: Դա փյունիկցիներին հաջողվել է Չեմպիոնների լիգայի 2022/23թթ. խաղարկությունում, որում որակավորման 2-րդ փուլում պայքարից դուրս են թողել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»՝ 0-1, 4-1:

2. Հայաստանի գործող չեմպիոնը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Չեմպիոնների լիգայի մրցաշարում անցկացրած 4 խաղերից միայն մեկում «Նոան» հաղթեց, մեկն ավարտեց ոչ-ոքի, 2-ում պարտվեց, խփեց 7 գոլ, բաց թողեց 8 գնդակ: Հերթական պարտությունը 10-րդն էր  եվրագավաթներում անցկացրած 21 խաղերում: Հայաստանի չեմպիոնը 8 հաղթանակ է տարել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 33 գոլ, բաց է թողել 39 գնդակ:

3. Եվրագավաթներում առաջին ծանոթությունը Հունգարիայի ներկայացուցչի հետ շատ անհաջող ստացվեց «Նոայի» համար: «Նոան» առաջին անգամ եվրագավաթներում մրցակցին զիջեց դիմակայության երկու հահդիպումներում էլ: Իսկ ահա «Ֆերենցվարոշը» բացարձակ առավելության հասավ հայկական թիմերի հետ դիմակայությունում՝ հաղթելով բոլոր 4 խաղերում էլ: 2011/12թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆերենցվարոշը» «Ուլիսին» հաղթել էր երկու հանդիպումներում էլ՝ 3-0, 2-0:

4. Հայ-հունգարական ֆուտբոլային 9-րդ դիմակայությունն ավարտվեց մրցակցի առավելությամբ: Հունգարական թիմերի հետ կայացած 18 հանդիպումներում հայկական ակումբները 11-րդ պարտությունը կրեցին: Մեր թիմերին միայն 4 անգամ է հաջողվել հաղթել, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Հայկական թիմերը 22 գոլ են խփել, բաց են թողել 33 գնդակ:

5. «Նոան» հայկական 8-րդ ակումբն էր, որ մրցեց հունգարական թիմի հետ: Հայաստանի չեմպիոնը դարձավ հունգարական թիմի արգելքը չհաղթահարած հայկական 5-րդ ակումբը: Հայկական ակումբներին 3 անգամ է հաջողվել հաղթահարել հունգարական թիմերի արգելքը: «Միկան» առաջինն էր, որին հաջողվեց մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում պայքարից դուրս մղել ՄՏԿ-ին՝ 1-2, 1-0:

Երկխաղյա դիմակայությունում հաջողության են հասել նաև «Արարատը» (2020/21թթ. Կոնֆերենցիաների լիգա, «Ֆեհերվար»՝ 1-1, 2-0) և «Ալաշկերտը» (2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգա, «Դեբրեցեն»՝ 0-1, 2-1):

6. «Նոան» 2-րդ անգամ կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը: 2020/21թթ. խաղարկությունում, երբ «Նոան» նորամուտը նշեց եվրագավաթներում, երևանյան թիմը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց Ղազախստանի «Կայրաթին»:

7. Մաթեուս Այասը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Չեմպիոնների լիգայի մրցաշարում, այլև 7 գնդակով դարձավ եվրագավաթներում «Նոայի» գլխավոր ռմբարկուն: Բրազիլացի հարձակվողը մեկ գնդակով գերազանցեց Գոնսալու Գրեգորիուի ցուցանիշը: Այասը փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոյի հետ 7 գնդակով գլխավորեց եվրագավաթներում հայկական ակումբների լավագույն ռմբարկուների ցանկը:

8. Հելդեր Ֆեռեյրան ևս առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Եվրագավաթներում դա Ֆեռեյրայի 3-րդ գոլն էր: Նախորդ երկու գոլերը նա խփել էր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ. խաղարկությունում՝ մեկական անգամ գրավելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսի» և սերբական «Բաչկա Տոպոլայի» դարպասները:

9. Ալեն Գրգիչը եվրագավաթներում 2-րդ գոլը խփեց և Ուլադ Օմարի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Նոայի» գլխավոր ռմբարկուն: «Նոայի» ֆուտբոլիստները փյունիկցիներ Յուսուֆ Օտուբանջոյի և Մարիուս Նուբիսիի հետ 2-ական գնդակով եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում  հայկական ակումբների լավագույն ռմբարկուներն են:

10. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոայի» դարպասին առաջին 11մ հարվածը նշանակվեց, որն անվրեպ իրացրեց  Քրիստոֆեր Զախարիասենը: Ընդհանուր առմամբ եվրագավաթներում «Նոան» 4 անգամ է 11մ հարվածով պատժվել: Թեև Ալեքսեյ Պլոշադնին նախորդ մրցաշրջանում «Բաչկա Տոպոլայի» հետ խաղում հետ էր մղել Իֆեթ Ջակովացի հարվածը, սակայն վերջինս երկրորդ հարվածով գրավել էր դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ