Մյունխենի «Բավարիան» պայմանագիր է կնքել ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կենտրոնական հարձակվող Մատիս Տելի հետ, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Transfermarkt-ի համաձայն՝ կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Գործարքն արժեցել է 20 միլիոն եվրո՝ ևս 8.5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ:
Ֆրանսիայի Մ17 հավաքականի խաղացողը Ֆրանսիայի Լիգա 1-ում նորամուտը նշել է նախորդ մրցաշրջանում և մասնակցել է 7 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 49 րոպե: «Ռենի» հիմնական թիմում անցկացրած 10 խաղում Տելն արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել:
««Բավարիան» իսկապես աշխարհի լավագույն ակումբներից է: Անհամբերությամբ եմ սպասում այս մարտահրավերին ու ամեն ինչ կտամ այս թիմի համար: Հասան Սալիհամիջիչի ու ակումբի մյուս պատասխանատուների հետ բանակցությունները տվեցին իրենց արդյունքը, ու ես հասկացա, որ ցանկանում եմ միանալ միմիայն «Բավարիային»»,- ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Մատիս Տելը:
ԱՎԵԼԻ ԹԱՆԿ, ՔԱՆ ՋՈՒԴ ԲԵԼԻՆԳԵՄԸ
Մատիս Տելը Գերմանիայի ռեկորդակիր չեմպիոնի 35-րդ ֆրանսիացին է: Եթե պայմանագրով սահմանված բոլոր հավելավճարների պայմանները բավարարվեն ու կատարվեն, ապա Տելի ձեռքբերումը «Բավարիայի» համար կարժենա ավելի թանկ, քան Ջուդ Բելինգեմի ձեռքբերումը Դորտմունդի «Բորուսիայի» համար:
«Մեղուները» Բելինգեմին ձեռք են բերել 2020 թվականին «Բիրմինգհեմից»՝ վճարելով 25 միլիոն եվրո: «Բավարիան» Տելի տրանսֆերի համար վճարել է 20 միլիոն եվրո՝ ևս 8.5 միլիոն հավելավճարի հնարավորությամբ:


