Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (65-րդ ռակետ) դուրս մնաց Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարից` երրորդ փուլում 1-6, 2-6 հաշվով պարտվելով Դանիել Քոլինսին (ԱՄՆ, 53-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 12 րոպե։
WTA դասակարգման աղյուսակի առաջատար Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) համառ պայքարում 2 ժամ 42 րոպեում 6-7, 6-4, 6-4 հաշվով առավելության հասավ չեխ Լինդա Նոսկովոյի (31-րդ ռակետ) նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Եկատերինա Ալեքսանդրովայի դեմ (Ռուսաստան, 16-րդ ռակետ)։
Կարոլին Գարսիան (Ֆրանսիա, 27-րդ ռակետ) 7-6, 7-5 հաշվով հաղթեց սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող Նաոմի Օսակային (Ճապոնիա, 227-րդ ռակետ)։ 1/8 եզրափակիում Գարսիան մրցելու է աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆի (ԱՄՆ) դեմ, որը պայքարից դուրս թողեց Օսեան Դոդենին (Ֆրանսիա, 84-րդ ռակետ). գրանցվեց 6-4, 6-0 հաշիվը։
Կանանց պայքարում 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4-րդ ռակետ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5-րդ ռակետ), Մարիա Սակարին (Հունաստան, 9-րդ տակետ), Մեդիոն Քիզը (ԱՄՆ, 18-րդ ռակետ), Վիկտորյա Ազարենկան (Բելառուս, 32-րդ ռակետ) և այլք։
Տղամարդկանց պայքարում երրորդ փուլում Յանիկ Սիները (Իտալիա, երրորդ ռակետ) լուրջ դիմադրության բախվեց հոլանդացի Տալոն Գրիկսպուրի (26-րդ ռակետ) դեմ մրցավեճում և 2 ժամ 23 րոպեում հաղթեց 5:7, 7:5, 6:1 հաշվով։ 1/8 եզրափակիչում Սիները մրցելու է Քրիստոֆեր Օ'Քոնելի (Ավստրալիա, 66-րդ ռակետ) դեմ։
1/8 եզրափակիչում է նաև Դանիլ Մեդվեդևը (Ռուսատսան, 4-րդ ռակետ), որը 7:5, 6:1 հաշվով պայքարից դուրս թողեց Քեմերոն Նորիին (Մեծ Բրիտանիա, 31-րդ ռակետ)։
Տղամարդկանց պայքարում 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 8-րդ ռակետ), Նիկոլաս Խարին (Չիլի, 23-րդ ռակետ), Մատեո Արնալդին (Իտալիա, 38-րդ ռակետ) և այլ թենիսիստներ։


