Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտով համաշխարհային ռեկորդ կսահմանի, հայտնում է The Ring-ը:
57-ամյա Թայսոնը (50-6, 44 նոկաուտ) կդառնա ամենաերկար պրոֆեսիոնալ մարզական կարիերա ունեցող բռնցքամարտիկը պատմության մեջ: «Երկաթյա Մայքը» պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 1985 թվականի մարտին։ Փոլի դեմ մենամարտը նա կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշելուց 39 տարի անց (14.371 օր)։
Այսպիսով, ամերիկացին կգերազանցի իր հայրենակից Ռոյ Ջոնսի ռեկորդը, նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 34 տարի:
Մայք Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Թայսոնի և Փոլի մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասում: Մայքը նախկինում ծանր քաշային կարգի աշխարհի անվիճելի չեմպիոնն էր: