Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատասխանել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին, որը պրոֆեսիոնալ ռինգում 10-րդ հաղթանակը տանելուց հետո մարտահրավեր էր նետել լեգենդար հայրենակցին:
«Հետհաշվարկը սկսվել է. 118 օր, 16 շաբաթ , 6 օր, 2832 ժամ, 169 հազար րոպե, 10 միլիոն վայրկյան: Ժամանակն անցել է»,- գրել է 58-ամյա Թայսոնը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ նրանք պետք է մենամարտեին հուլիսի 20-ին, սակայն հունիսի 1-ին Թայսոնն առողջական խնդիրներ էր ունեցել, բուժանձնակազմը նրան խորհուրդ էր տվել մի քանի շաբաթ նվազագույնի հասցնել ֆիզիկական ակտիվությունը, ինչից հետո նոր վերադառնալ լիարժեք մարզումների:
Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, գրանցվել էր ոչ-ոքի:
Փոլը ժամեր առաջ Տամպայում անցկացրած մենամարտում նոկաուտով հաղթել էր UFC-ի նախկին մարտիկ Մայք Փերիին: Մենամարտի ելքը վճռվել էր 6-րդ ռաունդում, երբ Փոլի հարվածներից հետո 32-ամյա ամերիկացին ընկել է ռինգի հատակին:


