Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Փերիս Ջեքսոնը, սոցիալական հարթակում խոսել է թմրանյութերի օգտագործման հետևանքների մասին։ Նա խոստովանել է, որ կախվածությունը «քանդել է իր կյանքը»։
Ջեքսոնը պատմել է, որ թմրանյութերի օգտագործման պատճառով քթի միջնապատի վրա անցք է առաջացել։ Նա իր հետևորդներին ցույց է տվել քթի անցքը և կատակել, որ կարող է սպագետի անցկացնել դրա միջով.
«Ես չեմ ուզում պլաստիկ վիրահատություն անել սա շտկելու համար, քանի որ գրեթե վեց տարի է, ինչ ես սթափ եմ ու դեղեր չեմ օգտագործում։ Եվ երբ վիրահատության ես ենթարկվում, պետք է դեղահաբեր ընդունես։ Ես չեմ ուզում ռիսկի դիմել»:
Ջեքսոնը խոստովանել է, որ ձայնագրման ստուդիայում աշխատելիս անցքից անհարմարություն է առաջանում, քանի որ երբ նա շնչում է, քիթը սուլոցի ձայն է արձակում, այսպիսով նա զգուշացնում է իր հետևորդներին՝ չօգտագործել թմրանյութեր: Արտիստը խոստովանել է՝ այս վնասվածքն առաջացել է 20 տարեկանում:
Փերիս Ջեքսոնը Մայքլ Ջեքսոնի և նրա երկրորդ կնոջ՝ բուժքույր Դեբի Ռոուի դուստրն է, որի հետ երաժիշտը ամուսնացած է եղել 1996-ից 1999 թվականներին: Հոր մահից հետո՝ 2009 թվականին, նա բազմիցս խոսել է իր հոգեբանական տրավմաների և կախվածության դեմ պայքարի մասին, բայց վերջին տարիներին նա առողջ ապրելակերպ է վարում և աջակցում է նմանատիպ փորձով մարդկանց:


