Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում։
Հեղինակավոր Marca պարբերականը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ. այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հուլիսի 1-ից։ Ֆրանսիայի հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա իսպանական ակումբին։
Մբապեն դառնալու է «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը հարկերի վճարումից հետո կկազմի 15-20 միլիոն եվրո։ Աշխատավարձից բացի, լինելու են նաև տարբեր հավելավճարներ։ Ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը յուրաքանչյուր տարի ավելանալու է։
Հիշեցնենք, որ Մբապեն 2024 թ. ամռանը գործող պայմանագրի ավարտից հետո հեռանալու է «Պարի Սեն-Ժերմենից»։ Նա փարիզյան ակումբի գույները պաշտպանում է 2017 թվականից, 291 խաղում խփել է 244 գոլ, կատարել 105 գոլային փոխանցում ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։


