Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ռմբարկու Ռանդալ Կոլո-Մուանիին համոզում է տեղափոխվել փարիզյան ակումբ:
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով, 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է ամռանն ակումբային գրանցումը փոխելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Մբապեն ու Կոլո-Մուանին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել էին 2022թ.Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որտեղ «Եռագույնները» եզրափակիչում 11-մետրանոցներով պարտվել էին արգենտինացիներին: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ռանդալ Կոլո-Մուանիի հարվածից հետո տպավորիչ սեյվով էր աչքի ընկել Արգենտինայի հավաքականի և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը:
Ընթացիկ մրցաշրջանում Կոլո-Մուանին գերմանական թիմի կազմում 40 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 14 ասիստ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:


