Ֆրանսիա – Լեհաստան Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է RMC Sport-ը:
Դրվագներից մեկում լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձեռքով հարվածել է եռագույնների ռմբարկու Կիլիան Մբապեի դեմքին:
25-ամյա ֆրանսիացին, որն առաջին տուրում քթի կոտրվածք էր ստացել և խաղում էր պաշտպանիչ դիմակով, բռնել է դեմքը, ինչից հետո զայրացած ինչ-որ բան է ասել Լևանդովսկուն:
RMC Sport պարբերականի մասնագետները վերծանել են Մբապեի արտասանած բառերը և պարզել են, որ նա հայհոյել է Լեհաստանի հավաքականի ավագին:
Չնայած դրան, միջադեպը բացասական ազդեցություն չի թողել աստղերի հարաբերությունների վրա: Խաղից հետո Մբապեն և Լևանդովսկին ողջագուրվել են:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան և Լեհաստանը ոչ-ոքի էին խաղացել (1-1): D խմբում հաղթող էր դարձել Ավստրիայի հավաքականը, որը վերջին տուրում 3-2 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների նկատմամբ և վաստակել էր 6 միավոր, Ֆրանսիան 5 միավորով երկրորդն է, իսկ Լեհաստանը վաստակած 1 միավորով դուրս մնաց հետագա պայքարից: