Մադրիդի «Ռեալը» գալիք շաբաթ կհայտարարի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության մասին:
Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի 25-ամյա ավագը պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ:
Ռոմանոն նաև նշել է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի առաջատարը «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ որոշում է կայացրել փետրվարին:
Մեկ ամիս առաջ Մբապեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական գրանդից: Փարիզյան ակումբի հետ հարձակվողի պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 308 հանդիպման, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։


