ԿԳՄՍ նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։
Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն 8-րդ անգամ՝ այս տարի «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։
Նոյեմբերի 8-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումը կազդարարվի թեմատիկ կոնֆերանսով, որի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։ Միջազգային և տեղացի փորձագետները կանդրադառնան մեդիագրագիտության ինտեգրման միջազգային փորձին, արհեստական բանականության մարտահրավերներին ու փաստերի ստուգման կարևորությանը, ինչպես նաև ֆիլմերի կիրառությանը՝ որպես կրթական մեթոդ։
Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որը հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից՝ միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։


