Logo

Մեկ ակումբի տղա՞, թե՞ «գլամուր կարիերա»՝ ո՞րն է Տրենտի թրենդը

Հեղինակ
Արամ Սահակյան
20:40 / 10.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ՝ անուն, որ այս օրերին ամենաքննարկվողն է ֆուտբոլային Անգլիայում: «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի շուրջ անհամաձայնություն, հետաքրքրություն «Ռեալից», «Վեսթ Հեմի» դեմ խաղում գոլ խփելուց հետո «մեսիջ» պարունակող ժեստ, իսկ հետո՝ անհրապույր խաղ «Էնֆիլդում» ընդդեմ «Ման. Յունայթեդի»: Վերնագրեր ու քննարկումներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել ոչ մի երկրպագուի:

FastNews-ը փորձել է բացահայտել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերային սագայի ուշագրավ դրվագներն ու հասկանալ, թե ինչ ապագա է սպասում անգլիացի ֆուտբոլիստին:

ՍԱԳԱՅԻ ՍԿԻԶԲԸ

Գրեթե մեկ տարի է անցել այն պահից, երբ «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց մրցաշրջանից հետո ակումբից հեռանալու մտադրության մասին: Գերմանացու՝ այդ ժամանակ շոկային թվացող հայտարարությունը անորոշության լույս վառեց ակումբում շատերի շրջանում: Դրան գումարվեցին նաև ղեկավար կազմում փոփոխություններն ու սպորտային նոր տնօրենի՝ Ռիչարդ Հյուզի նշանակումը:

Անգլիական լրատվամիջոցներն այդ ժամանակ ահազանգում էին, որ տեղի ունեցող փոփոխությունները կարող են բացասաբար ազդել թիմի առաջատարների հետ նոր համաձայնության հասնելու հարցում: Այդ ֆուտբոլիստների թվում էր նաև Տրենտը: Այժմ «Լիվերպուլում» նոր պայմանագրերի շուրջ մառախուղ է ոչ միայն Ալեքսանդր-Առնոլդի, այլև Վիրջիլ վան Դեյքի ու Մոհամեդ Սալահի պարագայում.

«Սա իմ վերջին մրցաշրջանն է ակումբում: Բանակցություններում դրական տեղաշարժեր չկան: Ես շատ եմ ուզում այս տարի յուրահատուկ բան անել այս քաղաքի համար ու նորից հաղթել Պրեմիեր լիգան»,- օրեր առաջ ասաց Մոհամեդ Սալահը:

Կլոպի հեռանալու մասին հայտարարությունից ի վեր՝ «Ռեալն» անգլիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվելու ակնարկներ է անում: «Արքայական ակումբը» վերջին տարիներին շատ տպավորիչ գործարքներ է իրականացրել՝ տեղափոխությունների համար չծախսելով գեթ մեկ լումա: Այդ ճանապարհով թիմ են եկել Դավիդ Ալաբան, Անտոնիո Ռյուդիգերն ու նույնիսկ Կիլիան Մբապեն: «Ռեալը» հեռահար թիրախ դրեց՝ հաջորդը Տրենտն է:

«ՌԵԱԼԻ» ԱՌԱՋԱՐԿԸ՝ ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ձմեռային տրանսֆերային պատուհանը բաց է: «Լիվերպուլում» էլ այդ բաց լուսամուտներից մադրիդյան քամի է գալիս: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Ռեալը» փորձել է կապ հաստատել «Լիվերպուլի» հետ ու քննարկել Տրենտի՝ արդեն հունվարին Մադրիդ տեղափոխության հեռանկարը: Իսպանական մամուլի պնդմամբ՝ «Ռեալը» պատրաստ է 20 միլիոն ֆունտ վճարել գործարքի համար:

«Ռեալում», իհարկե, հիմար չեն ու շատ լավ հասկանում են, որ մրցաշրջանի կեսին «Լիվերպուլն» այդքան գումարի դիմաց բաց չի թողնելու իր կարևորագույն խաղացողներից մեկին: «Մերսիսայդցիները» առաջատար են Պրեմիեր լիգայում ու Չեմպիոնների լիգայում, պայքարում են տիտղոսի համար ներքին գավաթային մրցաշարերում: Այսպիսի պայմաններում Տրենտին ոչ ոք ոչ մի տեղ բաց չի թողնի:

«Ռեալի» կողմից սա շատ հստակ դիվանագիտական քայլ է: Բնականաբար այս ամենի հետևում կանգնած է օրեր առաջ Globe Soccer Awards-ի կողմից բոլոր ժամանակների լավագույն նախագահ ճանաչված Ֆլորենտինո Պերեսը: Նա այս քայլով ուզում է ցույց տալ, թե որքան կարևոր է Տրենտը «Ռեալի» ու անձամբ իր համար:

Իսպանիայի մայրաքաղաքի գրասենյակներում նստած մադրիդիստները մտածում են, որ սա նաև  հարգալից վերաբերմունք է «Լիվերպուլի» նկատմամբ: «Տվե՛ք Տրենտին հիմա գումարի դիմաց կամ նա կգա ավելի ուշ, բայց անվճար». «Ռեալում» շարժվում են այս տրամաբանությամբ: Ի դեպ, «Ռեալն» ու «Լիվերպուլն» իսկապես հրաշալի հարաբերություններ ունեն: Այդ հրաշալի հարաբերությունների ամենախոսուն դրվագը 2022/23 մրցաշրջանում էր՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում: «Լիվերպուլը» «Էնֆիլդում» թիմերի միջև խաղից առաջ հարգանքի տուրք մատուցեց Ամանսիոյին՝ «Ռեալի» պատվավոր նախագահին, որ նոր էր հեռացել կյանքից: Օրեր անց «Բեռնաբեուում» «Արքայական ակումբը» պատասխանեց՝ խաղից հետո միացնելով You will Never Walk Alone-ը, ցույց տալով հարգանք «Լիվերպուլին» ու նրա երկրպագուներին, որոնք ժամանել էին Մադրիդ:

ԲԵԼԻՆԳԵՄԻ ԳՈՐԾՈՆԸ

Ալեքսանդր-Առնոլդի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության գործում մեծ դերակատարում կարող է ունենալ Անգլիայի հավաքականում Տրենտի թիմակից և մտերիմ ընկեր Ջուդ Բելինգեմը: Նա երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Իսպանիայի մայրաքաղաքում: Բոլորը գիտեն Ջուդի ու Տրենտի մտերմության մասին: Երբ Բելինգեմը Դորտմունդից հեռանալու շեմին էր, քչերը չէին, որ կարծում էին, թե Տրենտի հետ մտերմությունը նրան կբերի «Էնֆիլդ»: Իսկ հիմա Բելինգեմը հանդգնում է «Էնֆիլդից» տանել ամենալիվերպուլցի տղային:

Բելինգեմի «Ռեալում» լինելը կօգնի Տրենտին ավելի արագ հարմարվել նոր միջավայրին: Ավելին՝ Ջուդն արդեն իր առաջին մրցաշրջանում ցույց տվեց, որ անգլիացին կարող է շատ արագ ընտելանալ այլ երկրում ապրելուն ու խաղալուն: Ժամանակին դա չհաջողվեց Մայքլ Օուենին: Ի դեպ, Ջուդն արդեն «Ռեալի» պատմության մեջ անգլիացի գլխավոր ռմբարկուն է: Սա ցուցիչ է, որ ժամանակակից ֆուտբոլում անգլիացիները հրաշալի կարող են խաղալ նաև իրենց երկրից դուրս:

«ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒ ՏՐԵՆՏԻ ՄՏՔԵՐԸ

Բրիտանական The Mirror-ը պնդում է, որ «Լիվերպուլը» հինգ տարվա պայմանագիր է առաջարկել Տրենտին՝ 78 միլիոն ֆունտ արժողությամբ: Պատասխան դեռ չկա: Փորձենք հասկանալ՝ ինչ է մտածում Ալեքսանդր-Առնոլդը: Տրենտը բարդ ընտրության առջև է՝ հավերժ մնալ մեկ ակումբի տղա՞, ինչպես իր կուռքերից Սթիվեն Ջերարդը, թե՞ ունենալ ֆուտբոլային «գլամուր» կարիերա, ինչպես իր երկրի ամենավառ ֆուտբոլային դեմք Դևիդ Բեքհեմը:

«Երբ նայես, թե ինչ կյանք է վարում Տրենտը, ինչ հագուստ է հագնում, ինչ վայրեր է գնում և ում հետ... Հաստատ կտեսնես նրա ու Բեքհեմի նմանությունները»,- օրեր առաջ ասաց Ջեյմի Քարագերը:

Տրենտը, ամենայն հավանականությամբ, կայացրել է իր որոշումը. նա ցանկանում է տեղափոխվել Մադրիդ: Համենայն դեպս, դրա վկայությունները շատ են: Սակայն խնդիրն այն է, որ Ալեքսանդր-Առնոլդը դեռ չի հասկանում, թե ինչպես վարվել իր ներկայիս ակումբի ու երկրպագուների հետ: Տրենտը լիվերպուլցի է, նա սիրում է այդ քաղաքը, ակումբն ու երկրպագուներին: Նա հնարավոր բոլոր տիտղոսները նվաճել է «Լիվերպուլի» հետ ու կարող է մեծ նվաճումների հասնել նաև այս մրցաշրջանում: Այդ դեպքում ե՞րբ ասել հանրությանը որոշման մասին, որ ոչ ոք չնեղսրտի ու դրանից չտուժի այն թիմը, որ մեծ նպատակների հետևից է գնում:

«Իմ խորհուրդը Տրենտին հետևյալն է. կայացրո՛ւ որոշումդ, կնքի՛ր պայմանագիրդ ու անկեղծ ասա՛ երկրպագուներին դրա մասին: Նրանք սիրում են քեզ ավելի շատ, քան դու պատկերացնում ես: Ասա՛ նրանց. «Այո՛, ես լիվերպուլցի եմ, ես սիրում եմ այս ակումբը: «Լիվերպուլի» հետ ամեն ինչ հաղթելը երազանք էր, բայց ես այլ երազանք էլ ունեմ»: Ինձ թվում է՝ երկրպագուները կհասկանան Տրենտին ու նրա որոշումը»,- ասել է Ռիո Ֆերդինանդը:

Ֆերդինանդի հետ դժվար է չհամաձայնել: Հակառակ դեպքում դաշտում յուրաքանչյուր գործողություն, թիմակցի խոժոռված դեմք ու անհաջող խաղ կապվելու է ՏԱԱ-ի անվան հետ, քանի դեռ Լիվերպուլի ցրտաշունչ օդում պտտվում է անորոշությունը, ու չի երևում հստակությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա