«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն «Ալաշկերտի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումից (2-1) հետո կայացած ասուլիսին պատասխանել է նաև Հայաստանի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու վերաբերյալ հարցին:
«Ազգային հավաքականի հարցով ինձ հետ ոչ ոք չի խոսել: Եթե լինի խոսակցություն և առաջարկ, դեմ չեմ լինի գլխավորել ազգային հավաքականը: Ես հայ եմ, հայրենասեր, խոսքն ազգային հավաքականի մասին է»,- ասել է Մելիքյանը:
Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը գրել էր, որ Մելիքյանն առաջիկա օրերին կհեռանա Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից և մեծ հավանականությամբ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Մելիքսեթյանը քիչ առաջ էլ հայտնել էր, որ նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպն այլևս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ:


