Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի կիսապաշտպան, Վարշավայի «Լեգիայի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը խոսել են Հունգարիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում կայանալիք խաղի մասին:
Վահան Բիչախչյան. «Հունգարիան լավ հավաքական ունի: Մեր խմբում բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Բարդ խաղեր են սպասում, բայց լավ ենք պատրաստվել: Պետք է անմնացորդ նվիրվենք և հասնենք լավ արդյունքի:
Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականի խաղը: Մրցակցի կադրային խնդիրների մասին չեմ ցանկանում խոսել. կենտրոնացած ենք մեր հավաքականի վրա: Ցանկանում ենք ցուցադրել լավ ֆուտբոլ:
Եղիշե Մելիքյանն էներգիայով և հավատով լցված է եկել, այս ամենը շատ է օգնում մեզ: Հուսով ենք` Հունգարիայի հավաքականի դեմ կխաղանք այնպես, ինչպես հանդես ենք եկել իռլանդացիների դեմ մրցավեճում: Կփորձենք միասին հասնել մեր նպատակներին»:
Եղիշե Մելիքյան. «Մենք ունենք մեկ նպատակ` հասնել լավ արդյունքի: Շատ հեռուն չենք նայում. այս պահին մեր ուշադրությունը Հունգարիայի դեմ կայանալիք խաղի վրա է:
Կարևորը` հավատ և նվիրվածություն ունենք, վաղը կպայքարենք: Լավ թիմ ունենք: Պետք է հոգեբանորեն պինդ լինենք և նվիրված աշխատենք:
Նրանց ավագի` Դոմինիկ Սոբոսլայի խաղն ուսումնասիրել ենք. համոզված ենք՝ ոչ միայն նա, այլև ամբողջ թիմը մեզ համար խնդիրներ կստեղծեն:
Հունգարիայի հավաքականի դեմ մրցավեճում ոչ-ոքին էլ մեզ համար դրական արդյունք կլինի, քանի որ տանը չենք խաղալու»:
Հունգարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում», Երևանի ժամանակով 19:50-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հայաստանի հավաքականն այս խաղից երեք օր անց էլ կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին, որին նախորդ ամիս Երևանում հաղթել էր 2-1 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


