Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունից (0-1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը, բայց դա իմ խաղացողի սխալն էր։ Դա նաև իմ սխալն է։ Ես եմ գլխավոր մարզիչն ու պատասխանատու եմ իմ խաղացողների հետ կատարվածի համար։
Ներողություն եմ խնդրում, քանի որ երկրպագուները մեզնից միավորներ էին սպասում։ Ինչ-ինչ պատճառներով չկարողացանք միավորներ վաստակել երկու խաղում։ Ամեն դեպքում, հպարտ եմ իմ թիմով»,- ասել է Մելիքյանը։
Մանրամասները` տեսանյութում
Հայաստանի հավաքականն Իռլանդիայի դեմ հանդիպման 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


