Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփեց Հունգարիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրի արտագնա խաղը: Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականը պարտվել է 0-2 հաշվով:
Եղիշե Մելիքյան. «Կարող էինք միավոր վաստակել, բայց մեր հնարավորությունները չօգտագործեցինք: Շատ եմ ափսոսում: Շատ գոլային պահեր ունեինք: Չեմ կարող ասել, թե մրցակիցն արժանի չէր հաղթանակի, շնորհավորում եմ նրանց: Պետք է շուտ մոռանանք այս պարտությունը և պատրաստվենք Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին:
Եթե պարտվել ենք, ուրեմն՝ խնդիրներ կան, կփորձենք լուծել: Կարևորը` շատ բան կարողանում էինք` պաշտպանվել, լավ գրոհել: Կաշխատենք խնդիրները լուծել:
Չունենք թիմում մաքուր «9» համար, որը կարող է գոլեր խփել: Պետք է աշխատենք գոլային պահերն օգտագործելու ուղղությամբ:
Դրական եմ համարում մեր հավաքականում տիրող մթնոլորտը, միասնականությունը, մեր երկրպագուների աջակցությունը. նրանք այսօր շատ էին ստադիոնում: Հաջորդ խաղի համար պետք է հենվել այս կարևոր հանգամանքների վրա»:
Իտալացի Մարկո Ռոսիի գլխավորած Հունգարիայի հավաքականը 4 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջել է երրորդ տեղ: Երևանի ժամանակով 22:45-ից կմրցեն խմբի առաջատար Պորտուգալիան և հետնապահ Իռլանդիան: Պորտուգալիան 6 միավոր ունի, Իռլանդիան` 1:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին: Հունգարացիներն այդ օրը հյուր կգնան Պորտուգալիային:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`
- ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է գրանցում Հունգարիայի դեմ մրցավեճում
- Մելիքյան. «Կարևորը` հավատ և նվիրվածություն ունենք, նպատակը լավ արդյունքի հասնելն է»
- Ռոսի. «Պետք է հաղթենք. արդարացում չէ այն, որ 2 հարձակվող բացակայում է»
- Լավ տրամադրությամբ՝ ծանր քննություններին ընդառաջ. սպասելիքները Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից


