Logo

Մեր սիրելի Բուբան. Վախթանգ Կիկաբիձեի հիշատակին․․․

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:32 / 16.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Վախթանգ Կիկաբիձե

Հունվարի 15-ին 84 տարեկանում մահացավ կինոդերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն: Մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։

«Բոլորը գիտեն, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ ուներ, և դա իր ազդեցությունը թողեց: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կլինիկային, որտեղ նա գտնվում էր մի քանի շաբաթ: Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին և անձնակազմին, որոնք արել են ամենը, ինչ կարող էին, բայց, ցավոք, մենք անզոր գտնվեցինք, սա մեծ կորուստ է բոլորի համար»,- լրագրողներին ասել է նա։

Կիկաբիձեի գլխավոր դերերը 

Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Դպրոցից հետո սովորել է Թբիլիսիի օտար լեզուների պետական ​​ինստիտուտում, իսկ 1959 թվականին դարձել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի արտիստ։ 1960-ականների կեսերին նա ելույթ է ունեցել «Դիելո» և «Օրերա» ջազային անսամբլների հետ՝ կատարելով վրացերեն, ռուսերեն, իտալերեն և անգլերեն երգեր։

1966 թվականին Կիկաբիձեն իր դեբյուտն ունեցավ կինոյում՝ նկարահանվելով Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում, սակայն երեք տարի անց հայտնի դարձավ Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» կատակերգությունում Բենջամեն Գլոնտիի դերով։ 

Կիկաբիձեն նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Ես քննիչ եմ», «Վերիյսկի թաղամասի մեղեդիները», «Կորած արշավախումբը», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել»։ Նա համամիութենական համբավ ունեցավ Դանելիայի «Միմինո» (1977) ֆիլմից հետո, որտեղ մարմնավորեց վրացական փոքրիկ գյուղից մի օդաչուի, որը երազում էր թռչել մեծ ինքնաթիռներով։

Կիկաբիձե-Ֆրունզիկ ընկերները

Վախթանգ Կիկաբիձեն՝ իր ընկերոջ և կոլեգայի մասին.

Վախթանգ Կիկաբիձե-1

«Ես ու Ֆրունզիկն ընկերներ էինք, նա շատ տաղանդավոր էր, յուրահատուկ հումորի զգացումով։ Շատ ճիշտ է ինչ-որ մեկը նկատել՝  նա տխուր աչքերով մեծ կատակերգու էր: Երբ մենք հանդիպում էինք, զվարճանում էինք, խաղարկում միմյանց: Մի անգամ առավոտյան ժամը 4-ին զանգեցի Ֆրունզիկին։ «Կներես,- ասում եմ,- որ արթնացրի, բայց հիմա «Ամերիկայի ձայն»-ը ցնցող լուր հաղորդեց Հայաստանի մասին»: Եվ լռեցի։ Դե հայերը շատ են սիրում, երբ մարդիկ իրենց մասին ինչ-որ բան են խոսում: Մկրտչյանն անմիջապես կենդանացավ. «Ի՞նչ էին հաղորդում»։ - «Դիլիջանում հնագետները գտել են քար՝ «Հայկական կոմսոմոլի 500 տարին» մակագրությամբ»։ Եվ սպասում եմ, թե երբ կսկսի ծիծաղել: Իսկ նա լռեց, իսկ հետո ասաց. «Բուբա ջան, մի՞թե հնագետները չէին կարող այդ քարը գտնել կեսօրին՝ ժամը 12-ին։ Ես գոնե քունս կառնեի»։

 

«Մի անգամ դիտում էի «Սիրանո դը Բերժերակ» ներկայացման պրեմիերան, որտեղ Ֆրունզը Սիրանոյին էր մարմնավորում: Ներկայացման մեջ երկար մենախոսություն կա, որտեղ նա խոսում է իր հսկայական քթի մասին։ Ֆրունզի մոտ այս մենախոսությունը շատ կարճ ստացվեց, նույնիսկ մեկ րոպե չտևեց։ Երբ ներկայացումից հետո նրան հարցրի. «Լսիր, Ֆրունզ, ինչո՞ւ այս երկար մենախոսությունն այդքան կրճատեցիր։ Ամեն դեպքում սա դասական ստեղծագործություն է,Ֆրունզը պատասխանեց․ «Բուբա ջան, երբ երկար ես խոսում քթի մասին, հայերին դա դուր չի գալիս»: 

 

Վախթանգ Կիկաբիձեի տան հյուրասենյակում մի ամբողջ ցուցահանդես է գործում։ Այստեղ կախված են պաստառներ, նկարներ, ցուցադրված են արձանիկներ, դիմակների մեծ հավաքածու ամբողջ աշխարհից։ Ցուցանմուշներից առանձնանում է փայտից պատրաստված մեծ քիթը։ «Սա իմ ընկերոջ՝ Ֆրունզիկ Մկրտչյանի քթի պատճենն է»,- բացատրել է տանտերը։ «Այն նաև կոչում են Հայաստանի գլխավոր քիթ»:

 

Մարդը...

2008 թվականին ռուս-վրացական հակամարտությունից հետո Կիկաբիձեն հետաձգեց Մոսկվայի իր հոբելյանական համերգները, մի քանի սուր հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին և այլևս մուտք չգործեց Ռուսաստանի տարածք: Բայց չնայած իր քաղաքական հայացքներին՝ արտիստի երգացանկը հարուստ է ռուսերեն երգերով։

«Ես իմ էությամբ երևի ինտերնացիոնալիստ եմ, քանի որ միշտ համարել եմ, որ ազգությունը հորինված անուն է։ Պարզապես մեկը խոսում է մի լեզվով, մյուսն` այլ: Մեկ գլուխ, երկու ձեռք, երկու ոտք․․․»,- ասել է Կիկաբիձեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ