Գերմանական «Մերսեդեսի» տեխնիկական տնօրեն Մայք Էլիոթը խոսել է թիմի նոր բոլիդի և Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանի մասին:
«Մենք պատրանքներ չունենք և հասկանում ենք, որ մեզ համար շատ դժվար է լինելու։ Մրցաշրջանը սկսում ենք առանց ֆավորիտի կարգավիճակի։ Հաշվի առնելով վերջին 10 տարիների արդյունքները՝ սա մեզ համար անսովոր իրավիճակ է, բայց մենք լիովին կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա՝ փորձելով դա անել լավագույնս, ինչ կարող ենք: Ես տպավորված եմ թիմի վերաբերմունքով։
Մենք հավատում ենք, որ W13 բոլիդի վերաբերյալ շատ լավ որոշումներ են եղել, թեև որոշ պահեր մեզ իսկապես դուր չեն եկել։ Իսկ W14-ի դիզայնի դեպքում անհրաժեշտ էր պահպանել բոլոր լավ բաները նախորդ բոլիդից ու միաժամանակ ուղղել խնդրահարույց կետերը։ Այս որոշումը կարող է զարմացնել շատերին, բայց մեր կատարած բոլոր թեստերով մենք որևէ պատճառ չենք տեսել հրաժարվելու ընտրված հայեցակարգից»,- Մայք Էլիոթի խոսքը մեջբերում է The Race-ը:
«Մերսեդեսի» ավտոարշավորդները կրկին կլինեն Լյուիս Հեմիլթոնը և Ջորջ Ռասելը:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին:


