Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է իր տեղափոխությունն «Ինտեր Մայամի»:
«Ես շատ ուրախ եմ, որ կյանքի նոր փուլ եմ սկսում «Ինտեր Մայամիում» ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սա հիանալի հնարավորություն է, և մենք միասին կսկսենք իրագործել այդ հիանալի նախագիծը:
Միտքն այն է, որ միասին աշխատենք՝ հանուն ընդհանուր նպատակների, և ես շատ եմ ցանկանում օգտակար լինել իմ նոր տանը»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
36-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել էր ՊՍԺ-ի կազմում, որտեղ տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած 18 տարիներից հետո:
2022/23 մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը բոլոր մրցաշարերում մասնակցել էր 41 հանդիպման, դարձել 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


