MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղի ժամանակ երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ ու մոտեցել ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։ Երկրպագուին կանգնեցրել է 36-ամյա ֆուտբոլիստի անձնական թիկնապահը, որը անվտանգության աշխատակիցներից շուտ է հասել ֆանատին։
Մեսիի թիկնապահն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին ծառայող է, խաղերի ժամանակ նա լինում է խաղադաշտի եզրային գծի մոտ։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ինտեր Մայամին» 3-1 հաշվով հաղթել էր «Լոս Անջելեսեին», իսկ Մեսին դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպմանը ստադիոնից հետևել են Միացյալ Թագավորության արքայազն Հարին, հոլիվուդյան աստղեր Լեոնարդո Դի Կապրիոն, Սելենա Գոմեսը և ռեփեր Թայգան։
Նոր թիմում անցկացրած 11 խաղում արգենտինացին դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


