Ֆրանսիական ՊՍԺ-ի և աշխարհի նորընծա չեմպիոնի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Նիդերլանդների հավաքականի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում գրանցված միջադեպի մասին:
«Գիտեի՝ ինչ են ասել մրցակցի մարզիչն ու ֆուտբոլիստները, նույնիսկ խաղընկերներս էին տեղեկացրել այդ մասին: Ամեն դեպքում դժգոհ եմ իմ պահվածքից. դժգոհ եմ, որ խաղից հետո Վեգհորստին ասացի՝ գնա այստեղից, սակայն լարվածության ու սթրեսի ազդեցության տակ երբեմն չես կառավարում ինքդ քեզ, ու ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ: Չէի ցանկանա ինձ ներկայացնել նման կերպ, սակայն այդպիսի միջադեպեր պատահում են»,- «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ի հանդիպման ընթացում Մեսին ընդհարվել էր Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Էդգար Դավիդսի հետ, իսկ խաղից հետո միքս գոտում վիրավորական կերպով հորդորել էր հեռանալ մրցակցի հարձակվող Վուտ Վեգհորստին: Խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում արգենտինացիները հաղթել էին 4-3 հաշվով ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:


