Աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամիում», որի սեփականատերն է Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
L’Équipe-ի տեղեկություններով, փետրվարի 15-ին կայացել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի հայր Խորխե Մեսիի և փարիզյան ակումբի ղեկավարության հանդիպումը: Կողմերը քննարկել են Մեսիի պայմանագրի երկարաձգման հարցն ու չեն կարողացել համաձայնության գալ: Արգենտինացու գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Սպասվում է, որ մոտ օրերս կողմերի միջև կկայանա ևս մեկ հանդիպում, որից հետո վերջնական որոշում կկայացվի:
ՊՍԺ-ի ղեկավարությունը տպավորություն ունի, որ 35-ամյա ֆուտբոլիստը հունվարից ժամանակ էր ձգում և այս ընթացքում հասցրել է ուսումնասիրել այլ առաջարկներ ու ընտրել է ամերիկյան ակումբ տեղափոխվելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին Ֆրանսիայի գործող չեմպիոնի գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը փարիզյան թիմի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 14 ասիստ:


