«Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը սոցցանցերում հրապարակած տեսաուղերձում հայտարարել է, որ հեռանում է լոնդոնյան ակումբից:
«Ողջունում եմ «Չելսիի» երկրպագուներին: Հաշվի առնելով 6 ամիսների ընթացքում իմ հեռանալու մասին բոլոր խոսակցությունները, ամենայն հավանականությամբ, դա ձեզ համար անակնկալ չի լինի: Սակայն, չնայած այս ամենին, ինձ համար հեշտ չէ տեղեկացնել, որ հեռանում եմ «Չելսիից»։
Որոշեցի պատմել ձեզ, թե որքան երախտապարտ եմ այս 18 տարիների ընթացքում ձեր աջակցության համար: Ես միացա «Չելսիին», երբ 6 տարեկան էի, և մենք միասին երկար ճանապարհ անցանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, անձնակազմին և թիմակիցներին, որոնք կարողացան ինձ համար իսկական ընտանիք դառնալ՝ մշտապես աջակցելով ինձ, և, իհարկե, երկրպագուներին, որոնք միշտ իմ կողքին էին»,- նշել է 24-ամյա ֆուտբոլիստը:
Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Մաունթը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Չելսիի» սան է, գլխավոր թիմում խաղում էր 2019 թվականի հուլիսից: Մաունթն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 195 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում:


