Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:
ՄԱՍ 4
Christie's աճուրդի տան էքսպերտները Ռուբենսի կտավն ընդունեցին իբրև 17-րդ դարի կրկնօրինակող Լանկրինկի ստեղծագործություն, և այդ անվան տակ էլ այն մտավ աճուրդի հանվող նկարների ցանկը։
ՄԱՍ 2-ում մենք արդեն պատմեցինք, որ դրությունը փրկեց կերպարվեստի թագավորական հավաքածուի տեսուչի տեղակալ սըր Օլիվեր Միլլարը, որն իսկույն մարդ ուղարկեց Ռուբենսի ամենամեծ մասնագետներից մեկի՝ Միքայել Ժաֆֆեի ետևից:
Մինչև նրանք կհավաքվեն, կխորհրդակցեն (իսկ դա բավականին երկար տևեց, մեկ ամսից ավելի), պատմենք Ռուբենսի նորահայտ գլուխգործոցի մասին, փորձենք բացատրել, թե ինչո՞վ այն գրավեց սըր Միլլարի ուշադրությունը, ի՞նչն էր մութ անկյունում ընկած նկարին ադամանդի փայլ տալիս:
Ինչպես հայտնի է, Ռուբենսը՝ կերպարվեստի այդ ֆլամանդացի կախարդը, որի հմայքն ու ազդեցությունն այնքան մեծ էին, որ նկարչի կենդանության տարիներին արդեն «ռուբենսյան» դպրոցի հիմքն էին դրել, 1591-98 թվականներին (նկարիչը ծնվել է 1577թ.) սովորում էր Տ. Վերհախտի, Ա. Վան Նոորտի և Օ. Վենիուսի մոտ, որոնցից վերջինը նիդեռլանդական մանյերիզմի ուշ ժամանակաշրջանի փայլուն ներկայացուցիչներից էր: 1600-1608 թվականներին նկարիչն ապրում էր Իտալիայում, ուսումնասիրում և կրկնօրինակում իտալական մեծ վարպետներ Միքելանջելոյի, Ռաֆայելի, Տիցիանի, Կարավաջոյի և ուրիշների ստեղծագործությունները:
Այդ շրջանի (շտապենք ասել, որ մասնագետները «Պարիսի դատը» վերագրում են հենց այդ ժամանակաշրջանին) ռուբենսյան ստեղծագործություններում արտահայտվում է մեծ վարպետներին նմանվելու ձգտումը, ուսուցչից մնացած մանյերիզմի ազդեցությունը: Բայց առանձին աշխատանքներ, ինչպես Մադրիդի հավաքածուներից մեկում գտնվող հերցոգ Լերմայի դիմանկարը, էրմիտաժյան նշանավոր «Հովիվների երկրպագումը» էսքիզը խոսում են ապագա վարպետի հասուն ոճի նորության և ուժի մասին:
Այսպիսին էր և նորահայտ «Պարիսի դատը», որտեղ ակնհայտ են նկարչի այն հատկանիշները, որոնք հետագայում ստացան «ռուբենսյան» անունը՝ պատկերման ռեալիզմը, ձգտումը դեպի շրջապատի զգացմունքային, լիարժեք պատկերումը, մարդու և աշխարհի գեղեցկության վառ, համակողմանի ընկալումը:
Իսկ ինչի՞ մասին է պատմում կտավը: Ինչպես հետագայի իր շատ աշխատանքներում, Ռուբենսն այստեղ ևս դիմել է հունական դիցաբանությանը՝ լեգենդներին և առասպելներին: Պարիսը, ինչպես հայտնի է, «Տրոյական շարքի» հերոսներից է, որի մասին բազմաթիվ հետաքրքիր լեգենդներ ու առասպելներ են պատմվում Հոմերոսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Վերգիլիուսի, Օվիդիուսի և ուրիշների ստեղծագործություններում: Բազմաթիվ մեծ նկարիչներ են ոգեշնչվել այդ հերոսներով և համաշխարհային արվեստի անկրկնելի գլուխգործոցներ ստեղծել: Ռուբենսն առաջինը չէր, որ դիմում էր այդ սյուժեին: Հիշենք թեկուզ Ռուբենսից մոտավորապես 2000 տարի առաջ ապրած հույն անհայտ նկարչին, որի «Պարիսի դատը» կոմպոզիցիան պահպանվել է հին հունական սափորի վրա: Հանրահայտ է աստվածուհիներից ամենագեղեցիկին տրված «կռվախնձորի» և նրան հաջորդող տրոյական կործանարար պատերազմի պատմությունը:
Ռուբենսն իր կտավում պատկերել է այն պահը, երբ Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսը «կռվախնձորը» հանձնում է գեղեցկուհիներից գեղեցկուհի, սիրո աստվածուհի Աֆրոդիտեին:
Մեծ նկարչի այդ անզուգական կտավի հայտնաբերումը, իրոք, երջանիկ պատահականություն էր, որը մեծ աշխուժություն առաջացրեց արվեստի աշխարհում:
...Կերպարվեստի մասնագետները՝ Միլլարը, Ժաֆֆեն, Ազգային պատկերասրահի դիրեկտոր Հենդին և ֆիրմայի դիրեկտոր Կարրիտը միայն մեկամսյա մանրազնին ուսումնասիրություններից հետո կարողացան հայտարարել, որ կտավը, իրոք, պատկանում է Ռուբենսի վրձնին և ստեղծվել է 1600-ական թվականներին:
Ժաֆֆեն «Դեյլի էքսպրեսում» գրեց.
«Ես բացարձակապես համոզված եմ, որ դա Ռուբենսի նկարն է: Այս գլուխգործոցը նրա պատանեկան տարիների աշխատանքներից է: Այն ժամանակ դեռևս չկար «Ռուբենսի դպրոցը», դրա համար էլ կտավն ամբողջությամբ ստեղծված է Ռուբենսի ձեռքով»:
Այսքանն էլ բավական էր, որպեսզի «Քրիստիի» ցուցադրական դահլիճը ներխուժեին կերպարվեստի ու սենսացիաների սիրահարները, բիզնեսի վարպետները:
Մինչդեռ պատից նրանց էր նայում մեծ վարպետի անմահ ստեղծագործությունը, բոլորովին անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է դահլիճում:
Իսկ այնտեղ շարունակվում էր աճուրդը:
- Հինգ հարյուր ֆունտ, մեկ:
- Վեց հարյուր ֆունտ...
Նախորդ մասերը. ՄԱՍ 1, ՄԱՍ 2, ՄԱՍ 3
Աղբյուրը՝ Նարեկ Մեսրոպյանի «Գեղանկարներ և ճակատագրեր» գրքից

-min.jpg)
