Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին՝ ամերիկյան «Հաասի» ավտոարշավորդ Միկ Շումախերը հայտարարել է, որ պատրաստ է միանալ իտալական «Ֆերարիին» (1995-2006 թվականներին Միխայել Շումախերը ելույթ է ունեցել «Ֆերարիի» կազմում):
«Իհարկե, պատրաստ եմ «Ֆերարի» հրավերին: «Հաասի» ու «Ֆերարիի» բոլիդները բավական նման են: Կարելի է ասել մեծացել եմ «Ֆերարիի» հետ, մենք համագործակցում ենք 2019 թվականից: Կարծում եմ՝ քաջատեղյակ եմ «Ֆերարիի» մրցավազքում աշխատելու նրբություններին: Այնպես որ, շատ ուրախ կլինեի, եթե նման հնարավորություն տրվեր ինձ»,- 23-ամյա գերմանացու խոսքը մեջբերում է RacingNews365-ը:
Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանի ընդհանուր հաշվարկում Միկը զբաղեցնում է 15-րդ տեղը՝ վաստակած 12 միավորով: Նախորդ մրցաշրջանում նա ոչ մի միավոր չէր ստացել:
«Հաասը» դադարեցրել է բանակցությունները Միկ Շումախերի հետ ու դեռևս չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը:


