Վրաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն շուտով նոր ակումբ կունենա, հայտնում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
23-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Լիոն, որպեսզի բուժզննում անցնի «Օլիմպիկի» կազմում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացի հարձակվողը պատրաստվում է բուժզննում անցնել Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» կազմում, սակայն վերջին պահին իրադարձություններն այլ ընթացք են ստացել:
Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում Ժորժ Միկաուտաձեն 4 խաղում խփել էր 3 և դարձել մրցաշարի գլխավոր ռմբարկուներից մեկը: Վրաստանի հավաքականում հարձակվողն անցկացրել է 29 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: Նա 2023-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Մեց»։


