Logo

Հինգ իրական թեկնածու, մեկ հաղթող. 21-րդ դարում «Միլանի» թոփ-10 տրանսֆերները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:11 / 13.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ

«Միլանի» պատմությունը 21-րդ դարում առայժմ բաժանված է երկու մասի: Առաջինը մեծ հաղթանակների և փառքի ժամանակահատված էր, երկրորդը՝ մարզչական խառը նշանակումների, առանց հաղթանակների և նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգրի մասին երազելու: Պատահական չէ, որ առաջին 20-ամյակում ակումբի լավագույն տրանսֆերներն առանձնացնելիս հենց առաջին տասնամյակի հերոսներն են մտքին գալիս: Հենց նրանց տրանսֆերներն են «Միլանին» այն փառքը բերել, որ նույնիսկ այսքան տարի անց այդ ակումբը համարվում է մեծագույններից մեկն աշխարհում: 

VNews.am-ը շարունակում է 21-րդ դարում ակումբների լավագույն տրանսֆերների շարքը: Հերթը «Միլանինն» է: «Ռոսոներիները» վերջին տարիներին նույնպես հաջող գործարքներ են կնքել: Մասնավորապես Թեո Էրնանդեսն Իտալիայում դարձավ աշխարհի լավագույն հարձակողական ոճի ձախ պաշտպաններից մեկը, Ֆրանկ Կեսիեն «Սան Սիրո» տեղափոխվելուց հետո փակեց box-to-box ոճի կիսապաշտպանի հարցը, Ալեսիո Ռոմանյոլին 20 տարեկանում «Ռոմայից» տեղափոխվելուց հետո անցկացրեց 239 հանդիպում և դարձավ թիմի ավագը: Երեքն էլ պայմանագրերը երկարաձգելու և հաջող ելույթների շարունակման դեպքում կարող են հավակնել տրանսֆերային թոփ-10-ում հայտնվելուն, սակայն առայժմ նրանցից ավելի լեգենդար անհատներ կան: 

ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ

Ամենադժվար ընտրություններից մեկը 11 ֆուտբոլիստ առանձնացնելուց հետո նրանցից մեկին թոփ-10-ից դուրս թողնելն է: Նման դեպքերում ավելի լավ ես հասկանում մարզիչներին, որոնք 25 լավ ֆուտբոլիստներից պետք է մեկնարկային կազմ ընտրեն: Այդպես Ռուի Կոշտան դուրս մնաց այս շարքից: Ֆուտբոլիստ, որը «Միլանում» պատասխանատու էր կրեատիվ գործողությունների համար, բայց վերջնական որոշման վրա ազդեց այն տպավորությունը, որ առանց պորտուգալացու էլ «Միլանը» կհասներ նման մեծ նվաճումների՝ հատկապես հաշվի առնելով, որ Կոշտային այլընտրանք էր աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն: 

10. Տյագո Սիլվա՝ «Ֆլումինենսեից». 10 մլն եվրո (2009 թվական)

Բրազիլացու կարիերան լի է դրամայով: Չնայած վաղ տարիքից նա խոստումնալից էր համարվում, ծանր վնասվածքները նրան ստիպեցին շատ ավելի ուշ «աստղ» դառնալ: Սիլվան խաղաց «Պորտուի» կազմում, այնուհետև տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո», որտեղ վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չեկավ: Հետո եղավ վերադարձ հարազատ «Ֆլումինենսե», որտեղից միայն 25 տարեկանում տեղափոխվեց «Միլան»: 2009 թվականին թվում էր, թե «Միլանի» հաղթական դարաշրջանն ավարտվում է, սերնդափոխությունը պարտադիր է, և միևնույն ժամանակ այն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: 

Հետզհետե Սիլվան դարձավ ոչ միայն «Միլանի» և ընդհանուր Իտալիայի, այլև ամբողջ Եվրոպայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը, եթե ոչ լավագույնը: 2010/11 մրցաշրջանում Մաքս Ալեգրիի գլխավորությամբ «Միլանն» անսպասելիորեն նվաճեց Սկուդետոն: Հաջորդ տարի «ռոսոներիները» նվաճեցին Իտալիայի գավաթը: 

Դրանից հետո Սիլվիո Բեռլուսկոնին որոշեց առաջատարների վաճառքի գնով նոր ֆինանսավորում ստանալ: Այդպես ՊՍԺ տեղափոխվեցին Զլատան Իբրահիմովիչն ու Տյագո Սիլվան: Բրազիլացու տրանսֆերի դիմաց փարիզցիներն ստացան 42 միլիոն եվրո՝ 4 անգամ ավեի մեծ գումար, քան վճարել էին: 

9. Ռոնալդինյո՝ «Բարսելոնայից». 24 մլն եվրո (2008 թվական)

Հիմա աշխարհում ամենաճանաչված ֆուտբոլիստի կարգավիճակը կիսում են Մեսին և Ռոնալդուն, սակայն 2008 թվականի դրությամբ այդ կարգավիճակը պատկանում էր միայն մեկին՝ Ռոնալդինյոյին:

«Բարսելոնայում» աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալուց հետո բրազիլացին անհաջող ժամանակահատված ունեցավ 2007/08 մրցաշրջանում, ինչը, տարբեր աղբյուրների պնդմամբ, պայմանավորված էր նրա կողմից ռեժիմի խախտմանբ, ալկոհոլի օգտագործմամբ և երեկոները գիշերային ակումբներում անցկացնելով: Պեպ Գվարդիոլան կատալոնական թիմի ղեկին առաջին որոշումներից մեկը կայացրեց՝ «Բարսելոնայի» գլխավոր աստղից բաժանվելով, և կախարդը ժամանեց Միլան: 

Իհարկե, Ռոնալդինյոն այլևս այն ֆենոմենը չէր, ինչպես «Կամպ Նոուում», բայց այդ տրանսֆերը «ռոսոներիներին» թույլ տվեց ծանր ֆինանսական վիճակում ձեռք բերել աշխարհի թիվ մեկ աստղին՝ ցույց տալով, որ շարունակում է գրավիչ ակումբ մնալ բոլոր ֆուտբոլիստների համար: «Սան Սիրոյում» Ռոնալդինյոն երբեմն այնպիսի շոու էր կազմակերպում, այնպիսի հնարքներ ցուցադրում, որ տիֆոզիները դրանք հիշում են մինչև օրս: 

Աշխարհի կրկնակի լավագույն ֆուտբոլիստը «Միլանում» դարձավ 26 գոլի և 29 ասիստի հեղինակ ու վերջնականապես հեռացավ Եվրոպայից: 

8. Կախաբեր Կալաձե՝ «Դինամո» Կիև. 16 մլն եվրո (2001 թվական)

Երբ 2001 թվականին Թբիլիսիի ներկայիս քաղաքապետը Կիևի «Դինամոյից» տեղափոխվում էր «Միլան», թվում էր, թե ուկրաինական ակումբը ջեքփոթ է շահել: Վրացի ֆուտբոլիստին ուկրաինացիները ձեռք էին բերել 280 հազար եվրոյով, իսկ վաճառում էին 50 անգամ թանկ գնով: 

Բայց պարզվեց Իտալիայում նույնպես չեն սխալվել: Երկար ժամանակ Կալաձեն ստիպված էր մեկնարկային տեղի համար պայքարել Պաոլո Մալդինիի հետ, այսինքն՝ անհույս պայքարի մեջ հայտնվել, բայց համառության և հաջող խաղի շնորհիվ կարողացավ 9 տարում 284 խաղի մասնակցել, 7 տիտղոս նվաճել, այդ թվում՝ երկու անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը: 

Մալդինիի պես Կալաձեն ժամանակի ընթացքում ձախ պաշտպանից վերածվեց կենտրոնական պաշտպանի և կարողացավ իր հետքը թողնել հզոր ակումբի պատմության մեջ: 

7. Կաֆու՝ «Ռոմայից». անվճար  (2003 թվական)

Աշխարհի կրկնակի չեմպիոնը 33 տարեկանում տեղափոխվեց «Միլան», բայց դա միայն խոսում էր ոչ թե կարիերայի մոտալուտ ավարտի, այլ նոր մարտահրավերի մասին: Բրազիլացին նույնիսկ նման տարիքում աշխարհի լավագույն աջ պաշտպանն էր և «ռոսոներիներին» բերեց ամուր պաշտպանություն և արտակարգ հարձակում: Կառլո Անչելոտին «Սան Սիրոյում» հիմնականում նախընտրում էր 4-4-2 և 4-3-2-1 դասավորությունները, որոնցում աջ եզրից հարձակման հիմնական պատասխանատուն Կաֆուն էր:

Պաշտպանության և հարձակման հաջող համադրման շնորհիվ Կաֆուն թիմին տվեց կայունություն, ինչը որոշիչ գրավականն է ազգային առաջնությունում հաղթելու գործում: Բրազիլացու հետ «Միլանն» անմիջապես դարձավ Իտալիայի չեմպիոն: Հեռագայում Կաֆուն ևս երեք տիտղոս նվաճեց իտալական թիմի հետ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: Կաֆուն «Միլանում» 166 խաղ անցկացրեց և հեռացավ 38 տարեկանում: 

6. Զլատան Իբրահիմովիչ՝ «Բարսելոնայից». 30 մլն եվրո (2010 թվական), «Լոս-Անջելես Գելեքսիից», անվճար (2020 թվական)

Զլատանը դարձել է «Միլանի» հաջողության խորհրդանիշը: Սովորաբար, երբ ֆուտբոլիստը հաճախ է թիմեր փոխում, ինչպես Իբրահիմովիչը, հազվադեպ է այդ ակումբների համար լեգենդ դառնում: Շվեդն այդպիսին չէ: «Բարսելոնայից» բացի, գրեթե ամենուր նրան մեծարել են, իսկ հարձակվողը հատուկ կապ է զգում հենց «Միլանի» հետ: Պատահական չէ, որ ԱՄՆ-ից վերադառնալիս նա հայտարերեց, որ ուզում է հենց «ռոսոներիներին» միանալ: 

Զլատանի՝ «Սան Սիրո» առաջին տեղափոխությունը 2010 թվականին էր, երբ նա վիճել էր «Բարսելոնայում» գրեթե բոլորի և առաջին հերթին Գվարդիոլայի հետ: «Միլանն» սկզբում 6 մլն եվրոյով վարձակալեց հարձակվողին, այնուհետև 24 միլիոնով գնեց ամբողջական տրանսֆերային իրավունքները: «Ազգային առաջնությունների չեմպիոնության մասնագետ» Իբրահիմովիչն Իտալիա վերադառնալուն պես «Միլանի» համար Սկուդետո նվաճեց, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ գավաթը: 

Այնուհետև Զլատանը գնաց Փարիզը գրավելու, իսկ 2 տարի առաջ՝ 38 տարեկանում, որոշեց վերադառնալ «Միլան»: Շատերն էին կասկածանքով վերաբերվում MLS-ում խաղացող ֆուտբոլիստի որակներին: Նա, սակայն, անմիջապես լռեցրեց բոլորին:

Զլատանի հետ կերպարանափոխված «Միլանը» հետզհետե այնպիսի թափ հավաքեց, որ հիմա չեմպիոնության համար է պայքարում: Իբրան թիմին տվեց գլխավորը՝ բնավորություն: Այժմ իտալական գրանդի ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն հաջողության համար, այլապես գործ կունենան Զլատանի հետ: 

5. Ալեսանդրո Նեստա՝ «Լացիոյից». 31 մլն եվրո (2002 թվական)

21-րդ դարի սկզբում «Միլանը» երկու տարում կարողացավ  այնպիսի տրանսֆերներ կատարել, որ բոլոր նորեկները դարձան թիմի կորիզը՝ Մալդինիի, Կոստակուրտայի, Գատուզոյի ու Շևչենկոյի հետ: Նրանցից մեկը Ալեսանդրո Նեստան էր՝ «Լացիոյի» խորհրդանիշը: Հռոմեական ակումբը սնանկացման եզրին էր և սկսել էր վաճառել իր առաջատարներին: «Միլանը» զուգահեռաբար «Պարմայի» հետ բանակցում էր Ֆաբիո Կանավարոյի տրանսֆերի շուրջ, սակայն «ռոսոներիներից» առաջ անցան նրանց հարևանները՝ «ներաձուրիները», և Իտալիայի հավաքականի ապագա ավագը տեղափոխվեց «Ինտեր»:

Փոխարենը տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Միլանը» ձևակերպեց Ալեսանդրո Նեստայի տրանսֆերը: Այդ գործարքը բետոնեց «Միլանի» պաշտպանությունը: Նեստան Մալդինիի/Յապ Ստամի հետ կազմեց աշխարհի ուժեղագույն պաշտպանողական զույգը: Մալդինին և Ստամը փոխվում էին, իսկ Ալեսանդրոն՝ ոչ: Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից էր, որը կառավարում էր իր թիմի ամբողջ պաշտպանությունը:

Նեստայի հետ «Միլանն» անմիջապես նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: 10 տարի «Սան Սիրոյում» անցկացնելու ընթացքում Նեստան 326 խաղ անցկացրեց, 8 տիտղոս նվաճեց և արժանիորեն համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: 

4. Ֆիլիպո Ինձագի՝ «Յուվենտուսից». 36 մլն եվրո (2001 թվական)

Զարմանալի է թվում, բայց «Միլանն» իր չեմպիոնական կազմը հավաքել է իտալական մյուս գրանդ թիմերից թոփ ֆուտբոլիստների հրավիրելու միջոցով. Կաֆուն և Նեստան՝ հռոմեական ակումբներից, իսկ Ինձագին՝ «Յուվենտուից»: «Պիպոն» Թուրինում կոնֆլիկտի մեջ էր հարձակման գծում իր թիմակից Ալեսանդրո դել Պիերոյի հետ. նրանից «գոլ էր գողացել»: «Ծեր Սինյորան» էլ 2000 թվականին ձեռք էր բերել ևս մեկ սուպերհարձակվողի՝ Դավիթ Տրեզեգեին, և արդեն կարող էր իրեն թույլ տալ բաժանվել 28-ամյա Ինձագիից: Եթե միայն նրանք իմանային, թե ինչ նվեր էր դա «Միլանի» համար...

«Սան Սիրոյում» իտալացին անմիջապես արդյունավետ սկսեց. 28 խաղում 16 գոլ և 5 ասիստ: Հաջորդ տարին արդեն ֆենոմենալ ստացվեց. 10 գոլ Չեմպիոնների լիգայում, մրցաշարի երկրորդ ռմբարկուի կոչում և իհարկե ակումբային գլխավոր մրցաշարի գավաթը:

Ինձագին հատկապես լավ էր համագործակցում Անդրեյ Շևչենկոյի հետ. իտալացին գործում էր խաղից դուրս վիճակի եզրին(բնականաբար), իսկ ուկրաինացին տեղաշարժվում էր հարձակման բոլոր գոտիներով: Իսկ երբ «Շևան» հեռացավ, Կառլո Անչելոտին անցավ մեկ հարձակվողով սխեմային, որում միայն Պիպոն էր, և նորից հաղթեց Չեմպիոնների լիգայում: Ինձագին էլ հաղթական դուբլ հեղինակեց «Լիվերպուլի» հետ եզրափակիչում: 

Ինձագին 11 տարի անցկացրեց «Միլանում» և հենց այդ ակումբում էլ ավարտեց կարիերան 39 տարեկանում: Հենց հարազատ դարձած ակումբում էլ Պիպոն սկսեց մարզչական կարիերան և 2014/15 մրցաշրջանում գլխավորեց հիմնական թիմը: Մարզչական աշխատանքում Ինձագին, մեղմ ասած, մոտ չէ ֆուտբոլիստի իր կարիերային, սակայն «Միլանի» պատմության մեջ նա մնաց որպես լավագույն հարձակվողներից մեկը: 

3. Կլարենս Զեդորֆ՝ «Ինտերից». 22,5 մլն եվրո (2002 թվական)

«Միլանի» մեծագույն պատմության մեջ մեծ ներդրում ունի նրա սկզբունքային մրցակիցը՝ «Ինտերը», որը «ռոսոներիներին» վաճառել է մեր թոփ-10-ի լավագույն եռյակի երկու ներկայացուցիչի: Առաջինը Կլարենս Զեդորֆն է: 

Հոլանդացին 16 տարեկանից խաղում էր «Այաքսի» կազմում, որի հետ 1995 թվականին դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Այնուհետև հաջող 4 տարի անցկացրեց Մադրիդի «Ռեալում»՝ կրկին դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ հետո՝ 24 տարեկանում, տեղափոխվեց «Ինտեր»: Թե ինչ էր փչել «ներաձուրիներրի» սեփականատեր Մասիմո Մորատիի մտքին, պարզ չէ, բայց կիսապաշտպանին, որը երկու տարում հասցրել էր 28 գոլային գործողության մասնակցել, նա որոշեց վաճառել գլխավոր մրցակցին՝ «Միլանին», այն էլ գրեթե նույն գնով, որով ձեռք էր բերել Մադրիդից: 

«Միլանում» Զեդորֆը դարձավ կիսապաշտպանության առաջատարներից: Նա անմիջապես սկսեց փայլել, ընդ որում՝ հատկապես լավ էր խաղում թոփ խաղերում: Հետզհետե սուրինամյան արմատներով ֆուտբոլիստն սկսեց ավելի հարձակողական ոճի դիրք զբաղեցնել, ինչից էլ նրա խաղն էլ ավելի գրավիչ դարձավ, արդյունավետությունն էլ աճեց: 

Զեդորֆն այնքան կարևոր խաղացող էր «Միլանում», որ միջինը մեկ մրցաշրջանում 43 խաղի էր մասնակցում, իսկ ընդհանուր՝ 432 խաղ: Կիսապաշտպանը խփեց 62 գոլ և կատարեց 73 գոլային փոխանցում: Բնականաբար, Չեմպիոնների լիգայում տիղտոս նվաճելը սովորություն էր դարձել, և նա ևս երկուսն ավելացրեց իտալական թիմի թանգարանում: 

36 տարեկանում ակումբից՝ հեռանալուց հետո, նա 2014-ին վերադարձավ մարզչի կարգավիճակով՝ անցկացնելով 22 հանդիպում: Հոլանդացին իսկապես կայծ տվեց թիմին, «վերակենդանացրեց» Մարիո Բալոտելիին, սակայն արդյունքները գոհացնող չէին, և նա ստիպված էր հեռանալ հարազատ դարձած ակումբից: 

Անկախ ամեն ինչից, Զեդորֆը փառահեղ կարիերա անցկացրեց, խաղաց թոփ ակումբներում, սակայն ֆուտբոլասերների շրջանում նրա անունը կապում են միայն «Միլանի» հետ: 

2. Անդրեա Պիռլո՝ «Ինտերից». 17 մլն եվրո (2001 թվական)

Մեկ տարում «Միլանին» «Ինտերի» երկու սուպերնվերներից երկրորդը և նույնիսկ ավելի նշանակալի, քան Զեդորֆի դեպքում: Ինչո՞ւ, որովհետև ի դեմս Կլարենսի՝ «ներաձուրիները» տեսնում էին կայացած ֆուտբոլիստի և հասկանում, թե նրանից ինչ կարող են սպասել կամ ստանալ: Բայց որոշեցին բաժանվել նրանից: Պիռլոյի դեպքում «Ինտերում» թերագնահատեցին իտալացուն.

«Պիռլոյի վաճառքը իմ մեծագույն սխալն է»,- 2008 թվականին խոստովանեց Մորատին: 

«Ջուզեպե Մեացան» «Սան Սիրոյով» փոխելու պահին(մեկ ստադիոն, երկու նշանակություն) Պիռլոն համարվում էր փլեյմեյքեր և ենթահարձակվող: Այդ դիրքերում իտալացին իրեն վատ չէր դրսևորում, բայց ամեն ինչ փոխվեց Կառլո Անչելոտիի հեղափոխական որոշումից հետո: Իտալացի մասնագետը «Մաեստրոյին» վստահեց հենակետային կիսապաշտպանի դիրքը, և դա այն պահին, երբ ամբողջ աշխարհում այդ դիրքի խորհրդանիշը Կլոդ Մակելելեն էր՝ աշխատասեր և պայքարող կիսապաշտպան: Անչելոտին հենատեկայինի դիրքը վստահեց խաղարկողի: Պիռլոն ու «Միլանը» ճախրեցին: Անդրեան դարձավ թիմի ուղեղը, խաղի ռիթմը և ուղղությունը կառավարողը: Հենց նա էր որոշում «Միլանի» բոլոր գործողությունները, իսկ իր անզուգական փոխանցումներով և շեշտակի հարվածներով միջինը 4 խաղը մեկ գոլային գործողության էր մասնակցում: Եվ դա հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղալիս... 

10 տարի անց՝ 2011 թվականին, «Միլանը» կրկնեց «Յուվենտուսի» սխալը՝ թերագնահատելով «Մաեստրոյին»: «Սան Սիրոյում» վստահ էին, որ 32-ամյա վետերանի կարիերան մոտեցել է ավարտին, և Պիռլոյին անվճար զիջեցին «Յուվենտուսին»: Պարզվեց՝ դա շատ մեծ սխալ էր: Պիռլոն դարձավ «Յուվեի» վերածննդի խորհրդանիշը՝ 4 անգամ անընդմեջ նվաճելով Սկուդետոն: 

Իսկ Պիռլոյի միլանյան տարիները թիմի երկրպագուները հիացմունքով են հիշում: Նրանք 401 խաղերում տեսել են Պիռլոյի կախարդանքը: Այդ խաղերում Անդրեան 41 գոլ է խփել, 70 ասիստ հեղինակել և դարձել աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը 21-րդ դարում: 

Եթե իր փայլուն կարիերայի վերջին տարիները նա անցկացներ «Միլանում», միանշանակ մեր ցանկում կլիներ առաջին տեղում, բայց դա նրան խանգարեց, և առաջին տեղ դուրս եկավ բրազիլացի, որին մինչև «Միլան» տեղափոխվելը շատ քչերը գիտեին...

1. Կակա՝ «Սան Պաուլուից». 8,5 մլն եվրո (2003 թվական)

2002/03 մրցաշրջանում, երբ «Միլանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, կազմի հարցում գլխավոր քննարկումը ենթահարձակվողի դիրքի շուրջ էր: Ո՞վ պետք է խաղար մեկնարկային կազմում՝ Ռուի Կոշտա՞ն, որը հիանալի էր հարմարվել թիմին, թե՞ Ռիվալդոն, որն աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստն էր և Իտալիա էր ժամանել Մունդիալում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո: Այդ մրցաշրջանում բրազիլացին ու պորտուգալացին հաճախ փոխարինում էին միմյանց, իսկ երբեմն՝ միասին խաղում, բայց հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ փոխվեց: 21-ամյա Կական «Սան Սիրո» ժամանելուն պես այնպես սկսեց խաղալ, որ պահեստային դարձրեց Ռիվալդոյին և Ռուի Կոշտային:

Կարճ ժամանակում բրազիլացին դարձավ Անչելոտիի կառուցվող փազլի վերջին կտորը: Կակայի շնորհիվ «Միլանը» ստացավ վերջնական տեսք, որը պահպանելու էր 5 տարի: Ռիկարդոն առանձնանում էր՝ ամեն ինչ հստակ անելով: Նա Ռիվալդոյի պես շրջադարձ կամ տուգանային արտակարգ հարված չէր կատարի կամ Կոշտայի նման մեկ փոխանցումով չէր կտրի մրցակցի ամբողջ պաշտպանությունը, բայց ավելի արդյունավետ էր: Բրազիլացին հարվածային դիրքում հայտնվելիս գոլ էր խփում, իսկ մրցակցին հարմար դիրքում տեսնելիս չէր վարանում և ասիստ գրանցում: Այդպես նա դարձավ թիմի հարձակման առաջատարներից մեկը, իսկ Շևչենկոյի հեռանալուց հետո՝ առաջատարը: 

Հենց ուկրաինացու հեռանալուց հետո Կական հասավ նաև անհատական վարպետության փայլի, առաջ տարավ «Միլանին» և 2006-07 մրցաշրջանում հասավ իր խաղի գագաթնակետին: Իտալական գրանդը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Կական 2007 թվականին ստացավ «Ոսկե գնդակը»:

«Ռոսոներիների» կազմում կիսապաշտպանը 307 խաղում դարձավ 104 գոլի և 85 ասիստի հեղինակ: Այդքանից հետո Կական «Միլանին» նաև մեծ գումար բերեց: 2009-ին ակումբը բրազիլացու տրանսֆերային իրավունքները վաճառեց Մադրիդի «Ռեալին»: Մինչև օրս 67 մլն եվրոյի այդ գործարքը «Միլանի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է: 

4 տարի անց Կական մեկ մրցաշրջանով վերադարձավ «Միլան», բայց Մադրիդում նրան սկսել էին հետապնդել վնասվածքները, և բրազիլացին այլևս առաջվանը չէր: Մեկ տարի հետո Ռիկարդոն մեկնեց ԱՄՆ: 

Մեր թոփ-10-ի նվազագույնը 5 ֆուտբոլիստ լրջորեն հավակնում էր առաջին տեղին, սակայն նրանցից ամենավառը փայլել է Կակայի աստղը, իսկ բրազիլացու տրանսֆերի համար վճարվել էր ընդամենը 8,5 միլիոն եվրո:

Լուսանկարները՝ gettyimages

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա