Միլանի քաղաքային իշխանությունն Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստներին պարգևատրել է «Սուրբ Ամբրոջինոյի» ոսկե շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Պարգևը հանձնվում է քաղաքին մատուցած ծառայությունների համար: Միլանի քաղաքապետարանը տարեկան հանձնում է 15 ոսկե շքանշան և 20 պատվոգիր, հաղթողին որոշում է քաղաքային խորհրդի բյուրոն:
Հիշեցնենք, որ Ա սերիայի 33-րդ տուրի արդյունքում «Ինտերը» վաղաժամ ապահովել էր առաջին տեղը։ Այդ չեմպիոնությունը «Ներաձուրիի» համար 20-րդն էր պատմության մեջ: Առաջին անգամ Իտալիայի չեմպիոնը որոշվել էր միլանյան դերբիում։