Miramax կինոընկերությունը մտադիր է արգելել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին վաճառել իր 1994 թվականի Pulp Fiction ֆիլմից յոթ ջնջված տեսարաններ` NFT աճուրդում: Ընկերությունը հայց է ներկայացրել դատարան. այդ մասին գրում են The Wall Street Journal-ը, THR-ը և TMZ-ը:
«Եթե այս իրավիճակը չվերահսկվի, Տարանտինոյի գործողությունները կարող են ապակողմնորոշիչ լինել և տպավորություն ստեղծվել, որ Miramax-ը նույնպես ներգրավված է նրա նախաձեռնության մեջ: Բացի այդ, դա կարող է նաև ուրիշներին ստիպել ենթադրել, որ իրենք իրավունք ունեն իրականացնել նմանատիպ գործարքներ կամ առաջարկներ, չնայած իրականում Miramax արխիվի հետ կապված NFT-ների մշակման, խթանման և վաճառքի համար անհրաժեշտ իրավունքները պատկանում են կինոընկերությանը», – ասվում է կինոընկերության հայտարարության մեջ:
Տարանտինոյի փաստաբանները համաձայն չեն Miramax-ի հետ և պնդում են, որ ռեժիսորը գործել է օրենքի շրջանակներում:
Ռեժիսորի պայմանագրի պատճենի համաձայն՝ նրան է պահպանում ֆիլմի որոշ իրավունքներ, այդ թվում՝ սցենարի հրապարակումը, ֆիլմի վերաբերյալ գրքերը, սաունդթրեքը, հնարավոր շարունակությունները և ռիմեյքերը:
Նոյեմբերի սկզբին Տարանտինոն հայտարարեց, որ OpenSea NFT աճուրդում կվաճառի 7 տեսարաններ, որոնք կտրված են Pulp Fiction-ից, բնօրինակ ձեռագիր սցենարից և իր սեփական աուդիո մեկնաբանությունից:
«Ուրախ եմ երկրպագուներին ներկայացնել մի քանի բացառիկ տեսարաններ Pulp Fiction-ից: Գաղտնի ցանցը և գաղտնի NFT նշանները բացում են երկրպագուների և արտիստների միջև հաղորդակցության մի ամբողջ նոր աշխարհ, և ես շատ ուրախ եմ, որ դրա մի մասն եմ կազմում»,- ասել է այն ժամանակ ռեժիսորը:
Pulp Fiction-ը Քվենտին Տարանտինոյի երկրորդ ֆիլմն է: Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու», իսկ Տարանտինոն և համահեղինակ Ռոջեր Էվերին «Օսկար» են ստացել լավագույն սցենարի համար:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռեժիսորը ֆիլմից մի քանի տեսարան է առանձնացրել՝ ընդհանուր 24 րոպե տևողությամբ: