Միլանի «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական ակումբ վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ հարաբերությունների մասին: Մխիթարյանն ու Լուկակուն 2017-2018 մրցաշրջանի առաջին հատվածում միասին խաղացել էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
««Մանչեսթեր Յունայթեդում» մենք հիանալի հարաբերություններ ունեինք, նույնը կլինի նաև այստեղ։ Կարծում եմ՝ Լուկակուն ավելի ուժեղ է դարձել»,- 33-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 3 մրցաշրջան «Ռոմայում» անցկացնելուց հետո հուլիսի 2-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ինտեր», որի հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր: Ռոմելու Լուկակուն Լոնդոնի «Չելսիից» միլանյան թիմ էր վերադարձել վարձավճարով:


