Logo

Մխիթար Դավիդյան. «Լա լիգան ամենահարմար տարբերակն է Սպերցյանի համար»

14:28 / 16.02.2023Հայկական ֆուտբոլ
Մխիթար Դավիդյան-Էդուարդ Սպերցյան

«Կրասնոդարի» երկրորդ թիմի նախկին մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:

«Իմ կարծիքով՝ Էդուարդն այժմ լավ ակումբում է, որտեղ կարող է ցույց տալ իր բոլոր դրական որակները։ Կարծում եմ, որ «ՊՍՎ Էյնդհովենը» վերջին ակումբը չէ, որն ուշադրություն է դարձնում նրա վրա։ «Կրասնոդարի» օգնությամբ Էդուարդը կկարողանա իրեն լավ դրսևորել, ցուցադրել ամբողջ տաղանդը։

Ճիշտ է՝ այս պահին Սպերցյանը դադարի մեջ է, ոչ մի տեղ շտապելու կարիք չկա։ Եթե ​​հիմա մեկ ակումբից հետաքրքրություն կա, և դու առաջադիմում ես, աշխատում, ցուցադրում քո լավագույնը, ապա մարդիկ կհետաքրքրվեն, և ավելի ու ավելի շատ թիմեր ուշադրություն կդարձնեն դրան: Չնայած գիտեմ, որ նրանք արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Էդուարդի նկատմամբ։ Սպերցյանը ողջախոհ մարդ է, շատ խելացի, ինտելեկտուալ:

Իսպանիայի առաջնությունն ու Լա լիգայի թոփ ակումբները ամենահարմարն են։ Էդուարդը շատ կրեատիվ ու խելացի ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ Իսպանիայի առաջնությունն այն է, ինչ նրան պետք է։

Սպերցյանի պոտենցիալով ու խաղաոճով Իսպանիան նրա համար լավագույն տարբերակն է։ Նույնիսկ պարզապես լինելով նման ակումբներում և մարզվելով նման ֆուտբոլիստների հետ՝ դու ամեն կերպ առաջադիմում ես։ Եթե ​​տաղանդավոր ես և ծույլ չես, ապա այս մակարդակի խաղացողների հետ պարզ մարզումներում կկատարելագործվես:

Եթե նույնիսկ վերցնենք Անգլիան, ապա, իմ կարծիքով՝ Սպերցյանը Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիում» չէր կորչի: Որովհետև Խոսեպը խթանում է այն ֆուտբոլը, որը մոտ է Էդուարդի խաղաոճին և ինտելեկտին: Բայց «Մանչեսթեր Սիթիում» ֆուտբոլը, կոպիտ ասած, անգլիական չէ: Գվարդիոլայի հետ նա չէր կորչի, այլ ավելի կբացահայտեր իր ներուժը»,- Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիայի մարզիչի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչները շփվել են Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, ռուսական ակումբի գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը կիսապաշտպանի  տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ