
տուր
01 Հունվար 1970 - 12:41
- 
Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Վերոնայի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն իրոք պատմական էր հայկական ֆուտբոլի ներկայիս աստղի համար: Դա Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերայում գրանցված հոբելյանական՝ 200-րդ գոլն էր:
Վնասվածքի պատճառով Հենրիխը 2 ամիս խաղադաշտ դուրս չեկավ, որի պատճառով ոչ միայն հետաձգեց հաճելի հոբելյանի նշումը, այլև մինչ օրս «Ռոմայի» կազմում ընդամենը պաշտոնական 6 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ գոլերի հաշիվը «Ռոմայում» Մխիթարյանը բացել էր նորամուտի խաղում՝ սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» հետ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման 22-րդ րոպեին գրավելով Անդրեա Կոնսիլյիի պաշտպանած դարպասը:
«Ռոման» արտերկրի 2-րդ ակումբն է, որի կազմում Մխիթարյանը նորամուտը գոլով է նշել: Իսկ մինչ այդ նա նման հաջողության էր հասել արտերկրի իր առաջին ակումբում՝ Դոնեցկի «Մետալուրգում»: 2009թ. հուլիսի 16-ին Դոնեցկում Մինսկի «Պարտիզանի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում (3-0) Հենրիխը բացել էր գոլերի հաշիվը՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը: Այդ խաղը նոր մրցաշրջանում նաև Դոնեցկի «Մետալուրգի» առաջին պաշտոնական հանդիպումն էր, որում Մխիթարյանը մինչև վերջ մնաց խաղադաշտում:

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Վերոնայի» դեմ խաղում (տեսանյութ)
Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանն իր առաջին գնդակը խփել էր թիմի կազմում անցկացրած 2-րդ խաղում՝ 2010թ. սեպտեմբերի 19-ին «Տավրիայի» հետ կայացած առաջնության հանդիպման 72-րդ րոպեին գրավելով Վասիլի Խոմուտովսկու պաշտպանած դարպասը: Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ իր թիմի խփած վերջին գոլի հեղինակը: «Շախտյորն» այդ խաղում հաղթեց 4-1 հաշվով:
Առաջին գոլը խփելու համար Հենրիխից 134 րոպե պահանջվեց: Նա «Օբոլոնի» հետ նորամուտի խաղում փոխարինվել էր 62-րդ րոպեին:
Դորտմունդի «Բորուսիայում» գոլերի հաշիվը բացելու համար Մխիթարյանին ընդամենը 3 խաղ պահանջվեց: 2013թ. սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտում «Այնթրախտի» հետ կայացած առաջնության 4-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ՝ գրավելով Կևին Տրապի պաշտպանած դարպասը: Առաջին գնդակը նա խփեց 10-րդ րոպեին: Այդ գոլերի շնորհիվ դորտմունդցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին: Իսկ Մխիթարյանից ընդհանուր առմամբ 181 րոպե պահանջվեց Բունդեսլիգայում գոլերի հաշիվը բացելու համար:

Մխիթարյանի գնահատականները՝ «Վերոնայի» դեմ խաղում
Բոլորից երկար Մխիթարյանի առաջին գոլին երկրպագուները սպասել են «Մանչեսթեր Յունայթեդում»: Միայն թիմի կազմում անցկացրած իր 11-րդ խաղում էր Մխիթարյանին վերջապես հաջողվել վայելել խփած գոլի բերկրանքը: Դա 2016թ. դեկտեմբերի 8-ին «Զարյայի» հետ կայացած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի արտագնա խաղն էր (2-0), որում Հենրիխը 48-րդ րոպեին բացեց հաշիվը՝ գրավելով Իգոր Լևչենկոյի պաշտպանած դարպասը:
Հարկ է նշել, որ այդ 11 հանդիպումներից ոչ մեկում Մխիթարյանը մինչև վերջ խաղադաշտում չէր մնացել, միայն 5 խաղում էր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում: Ուստի «Կարմիր սատանաների» կազմում Մխիթարյանի գոլային երաշտը (463 րոպե) ավելի կարճ տևեց, քան «Արսենալում»:
Իսկ «Արսենալում» խփած առաջին գոլի բերկրանքը վայելելու համար Հենրիխ Մխիթարյանից բավական ժամանակ պահանջվեց: Առաջին գոլը հայկական ֆուտբոլի աստղի հաշվին գրանցվեց «Արսենալում» անցկացրած 8-րդ խաղում: Դրա համար Հենրիխից ընդհանուր առմամբ 547 րոպե պահանջվեց:

Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնայի» նկատմամբ հաղթանակից հետո
2018թ. մարտի 8-ին «Միլանի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանն արդյունավետ խաղով ուրախացրեց իր բազմահազար երկրպագուներին՝ վերջապես բացելով գոլերի հաշիվն «Արսենալում»:
200 գոլերից 30-ը Մխիթարյանը խփել է «Փյունիկում» ՀՀ առաջնությունում, 6 անգամ էլ աչքի է ընկել Հայաստանի գավաթի հանդիպումներում: Ազգային հավաքականում Հենրիխի հաշվին 29 գոլ է գրանցված, իսկ ավելի վաղ նա 9 գոլ էր հեղինակել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:
Բնականաբար, գոլերի մեծամասնությունը (126) Մխիթարյանը խփել է արտերկրի 6 թիմերում՝ Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում» ու «Ռոմայում»: Նշված 126 գոլերից 88-ը նա խփել է Ուկրաինայի, Գերմանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնություններում, 14-ը՝ Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի գավաթի խաղարկություններում, 1-ը՝ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, 23 անգամ էլ աչքի է ընկել եվրագավաթների մրցաշարերում:

Ֆոնսեկա. «Մխիթարյանը շատ ուժեղ է տեխնիկական տեսանկյունից»
Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Մխիթարյանն առայժմ առավել արդյունավետ է գործել 2012/13թթ. մրցաշրջանում՝ Դոնեցկի «Շախտյորի» կազմում անցկացրած պաշտոնական 42 հանդիպումներում դառնալով 29 գոլի հեղինակ: Այդ տարի նա 25 գնդակով դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ, որը մինչ օրս չի գերազանցվել:
Ինչ խոսք, Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերն ավելի արժեքավոր են, քանի որ դրանք գրանցվել են ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում: Հայ ֆուտբոլիստներից միայն Վարդան Ղազարյանն է արտերկրում խփած գոլերի քանակով (155) առայժմ գերազանցում Հենրիխ Մխիթարյանին: Սակայն պետք է հաշվի առնել, որ նա այդ գոլերը խփել է Լիբանանում հանդես գալիս, որի առաջնությունը չես համեմատի Ուկրաինայի, առավել ևս Գերմանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնությունների խաղամակարդակի հետ:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի անկախության շրջանի հայ ֆուտբոլիստներից երկրորդը, որն իր մարզական կարիերայում հատեց 200 գոլի սահմանագիծը: Իսկ առայժմ հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, ով պաշտոնական մրցումներում իր բոլոր 236 գոլերը խփել է հայկական ակումբներում և ՀՀ ազգային հավաքականում: Մխիթարյանը լավ հնարավորություն ունի տարիներ անց գերազանցելու Ավետիսյանի ցուցանիշը և դառնալու հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն:

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկը, որոնք պաշտոնական մրցումներում 100 և ավելի գոլ են խփել: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրագավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:
| Ֆուտբոլիստներ | Ա | Գ | Ս | Ե | ԱՀ | ԵՀ | ԱՊՀ | ԱԵ | ԸՆԴ |
| 1.Արսեն Ավետիսյան | 197 | 28 | – | 4 | 2 | – | 5 | – | 236 |
| 2.Հենրիխ Մխիթարյան | 30 | 6 | – | – | 29 | 9 | – | 126 | 200 |
| 3.Արթուր Պետրոսյան | 125 | 15 | 1 | – | 11 | – | 2 | 37 | 191 |
| 4.Արթուր Քոչարյան | 140 | 23 | – | – | – | 4 | – | 19 | 186 |
| 5.Արա Հակոբյան | 131 | 13 | – | – | 7 | 6 | 2 | 21 | 180 |
| 6.Վարդան Ղազարյան | 20 | 2 | – | – | – | – | – | 155 | 177 |
| 7.Արամ Ոսկանյան | 89 | 17 | 1 | 2 | – | 1 | – | 50 | 160 |
| 8.Մարկոս Պիզելի | 75 | 8 | 1 | 2 | 11 | – | – | 60 | 157 |
| 9.Արման Քարամյան | 100 | 18 | – | 3 | 5 | – | 1 | 21 | 148 |
| 10.Տիգրան Եսայան | 125 | 14 | – | – | 4 | – | 1 | 3 | 147 |
| 11.Արամ Հակոբյան | 110 | 26 | – | 4 | 2 | 2 | 2 | – | 146 |
| 12.Արմեն Շահգելդյան | 105 | 19 | 3 | 3 | 6 | – | – | 10 | 146 |
| 13.Գեղամ Հովհաննիսյան | 111 | 32 | – | 1 | – | – | 1 | – | 145 |
| 14.Վահե Յաղմուրյան | 104 | 18 | – | – | – | – | – | 6 | 128 |
| 15.Յուրա Մովսիսյան | – | – | – | – | 14 | – | – | 109 | 123 |
| 16.Սամվել Նիկոլյան | 86 | 24 | 1 | 1 | – | – | – | – | 112 |
| 17.Վարազդատ Ավետիսյան | 83 | 19 | 1 | – | 1 | – | 2 | – | 106 |
| 18.Ալեքսանդր Կարապետյան | – | – | – | – | 5 | – | – | 101 | 106 |
| 19.Մհեր Ավանեսյան | 89 | 10 | 1 | 1 | – | – | – | 4 | 105 |
| 20.Արտյոմ Ադամյան | 85 | 15 | 1 | 1 | – | – | – | – | 102 |
| 21.Շիրակ Սառիկյան | 96 | 3 | – | 1 | – | – | 1 | – | 101 |

