Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 50-րդ հանդիպումն է անցկացնում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը հետխորհրդային երկրների 15-րդ ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հատում է 50 խաղի շեմը։
34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը 14-րդ խաղն է անցկացնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, որում խփել է մեկ գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գրավելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասը:
Երկրորդ խաղակեսի դրությամբ «Ինտերը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղում պորտուգալական «Պորտուի» հետ: Դիմակայության առաջին խաղում Իտալիայի փոխչեմպիոնը հաղթել էր 1-0 հաշվով:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը խաղացել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Լոնդոնի «Արսենալում» և իտալական «Ռոմայում»:
Բացի «Ինտերից», Մխիթարյանը գլխավոր եվրագավաթում խաղերի է մասնակցել նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Բորուսիայի» և «Շախտյորի» կազմում: