
տուր
01 Հունվար 1970 - 19:06
- 
Արտերկրում Հենրիխ Մխիթարյանի 13-րդ մրցաշրջանի մեկնարկը ՀՀ հավաքականի ավագի համար նշանավորվեց հաճելի հոբելյանով: «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը Մխիթարյանի հոբելյանական՝ 300-րդ խաղն էր արտերկրի առաջնություններում: Այդ հանդիպումները Մխիթարյանն անցկացրել է 4 երկրների 6 ակումբների կազմում: Հենրիխի ցուցանիշը ռեկորդային է արտերկրում հանդես եկած հայ ֆուտբոլիստների մեջ:
Արտերկրում Մխիթարյանի ֆուտբոլային կարիերան սկսվեց 2009թ., 20 տարեկանում: 2006թ. «Փյունիկում» նորամուտը նշելով Բարձրագույն խմբում, երիտասարդ ֆուտբոլիստն իր վարպետության և արդյունավետ ելույթների շնորհիվ կարճ ժամանակահատվածում արդեն մեծ ճանաչման էր հասել, ուստի պատահական չէր Դոնեցկի «Մետալուրգից» ստացված հրավերը:
2009թ. ընդամենը կես մրցաշրջան անցկացնելով «Փյունիկում», հունիսին Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Այդ պահին Հենրիխը Հայաստանի առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում խփած 11 գնդակով միանձնյա գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը:

Ուկրաինայում Մխիթարյանը ոչ միայն կատարելագործեց խաղային իր որակները, այլև շարունակեց արդյունավետ խաղը: Մխիթարյանի նորամուտը «Մետալուրգում» շատ հաջող ստացվեց: Հուլիսի 16-ին Դոնեցկում Մինսկի «Պարտիզանի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում (3-0) Հենրիխը բացեց իր գոլերի հաշիվը՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը: Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության 29 հանդիպումներում 9 գոլի հեղինակ դարձավ:
Բնական էր, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը չէր կարող երկար մնալ «Մետալուրգում» ու չհայտնվեր Դոնեցկի ուժեղագույն ակումբի՝ «Շախտյորի» մարզիչների ուշադրության կենտրոնում: 2010թ. սեպտեմբերին նա տեղափոխվեց «Շախտյոր», որտեղ անցկացրած 2,5 մրցաշրջանի ընթացքում մասնակցեց Ուկրաինայի առաջնության 72 խաղի՝ դառնալով 38 գոլի հեղինակ: Հենց «Շախտյորի» կազմում էլ Հենրիխը նշեց արտերկրի առաջնություններում 100-րդ խաղի և Ուկրաինայի առաջնություններում 50-րդ գոլի հոբելյանները:
«Շախտյորում» Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդն ու ռմբարկուի հատկանիշները հատկապես վառ դրսևորվեցին 2012/13թթ. մրցաշրջանում: Հենրիխը 29 խաղում խփած 25 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանելով, որը մինչ օրս նույնիսկ չի կրկնվել: Իսկ պաշտոնական մրցումներում այդ մրցաշրջանում «Շախտյորի» կազմում Մխիթարյանի օգտին 29 գոլ գրանցվեց:

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ
2013թ. ամռանը Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերայում հերթական կտրուկ շրջադարձը տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Բունդեսլիգայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հայկական ֆուտբոլի աստղին խաղային ունակությունները նորովի դրսևորելու ավելի լայն հնարավորություն ընձեռվեց:
«Բորուսիայում» էլ Մխիթարյանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր: Հենց այս թիմում է առայժմ առավել երկար խաղացել հայ ֆուտբոլիստն արտերկրի մյուս ակումբների համեմատ: Բունդեսլիգայում անցկացրած 3 լիարժեք մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 90 անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ խփելով 23 գոլ:
Հատկապես տպավորիչ էր թիմի կազմում անցկացրած վերջին՝ 2015/16թթ. մրցաշրջանը: «Բորուսիայում» անցկացրած պաշտոնական 52 հանդիպումներում Հենրիխը 23 գոլ էր խփել, գոլային 18 փոխանցումով դարձել էր Բունդեսլիգայում ամենաարդյունավետը, ֆուտբոլիստների միջև անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել էր Բունդեսլիգայի լավագույն խաղացող:

Մխիթարյանի համար նոր մարտահրավեր էր Անգլիայի Պրեմիեր լիգան: Մառախլապատ Ալբիոնում հայկական ֆուտբոլի ներկայիս աստղը հայտնվեց 2016թ. ամռանը՝ համալրելով անգլիական ամենատիտղոսակիր ու հանրահայտ ակումբներից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:
«Կարմիր սատանաների» կազմում պաշտոնական մրցումներում Մխիթարյանի նորամուտը կայացավ 2016թ. օգոստոսի 7-ին «Լեսթերի» հետ անցկացված Անգլիայի Սուպերգավաթի վճռորոշ խաղում՝ ավելացված ժամանակում փոխարինման մտնելով Խուան Մատայի փոխարեն: Առաջին իսկ ելույթը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաղթական էր Մխիթարյանի համար, որն Անգլիայում իր առաջին տիտղոսը նվաճեց:
Իսկ օգոստոսի 14-ին «Բորնմուտի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում Հենրիխը նորամուտը նշեց նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ մտավ հանդիպման 75-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային: Ի դեպ, դա Մխիթարյանի հոբելյանական՝ 200-րդ խաղն էր արտերկրի առաջնություններում:

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ
«Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի կարիերան այնքան էլ հարթ չընթացավ: Հաճախակի վնասվածքների և Ժոզե Մոուրինյուի հետ բարդ փոխհարաբերությունների պատճառով Հենրիխը թիմում անցկացրած 1,5 մրցաշրջանի ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայում միայն 39 հանդիպման մասնակցեց՝ խփելով ընդամենը 5 գոլ:
Սակայն Անգլիայում Մխիթարյանն իր կարիերայում նոր նվաճումների հասավ՝ դառնալով Եվրոպա լիգայի գավաթը նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը: Եզրափակիչ խաղում նա գրավեց հոլանդական «Այաքսի» դարպասը՝ 6 գնդակով դառնալով Եվրոպա լիգայի մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա դարձավ նաև Անգլիայի սուպերգավաթակիր և անգլիական լիգայի գավաթակիր:
«Արսենալն» արտերկրի 5-րդ ակումբն էր, որի մարզաշապիկը կրեց Մխիթարյանը ֆուտբոլային իր հարուստ կարիերայում: Այստեղ էլ Մխիթարյանը լիովին դրսևորեց ֆուտբոլային իր տաղանդը, որից հետո նախորդ մրցաշրջանում ուժերը փորձեց Իտալիայի A սերիայի առաջնությունում՝ վարձավճարով տեղափոխվելով «Ռոմա»: Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Մխիթարյանն իրեն լավ դրսևորեց՝ առաջնության 22 հանդիպումներում դառնալով 9 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշը Հենրիխի համար լավագույնն է արտերկրում անցկացրած վերջին 5 մրցաշրջաններում:

«Վերոնայի» հետ նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում, որը 300-րդն էր արտերկրի առաջնություններում, Հենրիխը խաղադաշտ դուրս եկավ արդեն որպես «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ: Իտալական ակումբն «Արսենալից» գնել է հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Հուսանք, որ Իտալիայում երկրորդ մրցաշրջանն էլ հաջող կդասավորվի Հենրիխ Մխիթարյանի համար և որ ամենակարևորն է, նրան շուտով կրկին կտեսնենք Հայաստանի ազգային հավաքականում՝ իր խաղընկերներին խաղադաշտ ուղեկցելիս:
VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի ներկայիս աստղի ցուցանիշներն արտերկրի առաջնություններում տարբեր ակումբների կազմում:
| Մրցաշրջան | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 2009/10 | «Մետալուրգ» Դոնեցկ | 29 (9) |
| 2010/11 | «Մետալուրգ» Դոնեցկ | 8 (3) |
| 2010/11 | «Շախտյոր» Դոնեցկ | 17 (3) |
| 2011/12 | «Շախտյոր» Դոնեցկ | 26 (10) |
| 2012/13 | «Շախտյոր» Դոնեցկ | 29 (25) |
| 2013/14 | «Բորուսիա» Դորտմունդ | 31 (9) |
| 2014/15 | «Բորուսիա» Դորտմունդ | 28 (3) |
| 2015/16 | «Բորուսիա» Դորտմունդ | 31 (11) |
| 2016/17 | «Մանչեսթեր Յունայթեդ» | 24 (4) |
| 2017/18 | «Մանչեսթեր Յունայթեդ» | 15 (1) |
| 2017/18 | «Արսենալ» | 11 (2) |
| 2018/19 | «Արսենալ» | 25 (6) |
| 2019/20 | «Արսենալ» | 3 |
| 2019/20 | «Ռոմա» | 22 (9) |
| 2020/21 | «Ռոմա» | 1 |

