Logo

ԵԱ. Լիլիթ Մկրտչյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստուհիների մեջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:34 / 31.08.2022• Շախմատ
Լիլիթ Մկրտչյան-4-րդ տեղ

Լիլիթ Մկրտչյանը Պրահայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում 8-րդ քայլին սևերով հաշտություն կնքեց լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և 8 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց նույնպիսի արդյունք գրանցած արծաթե և բրոնզե մեդալներին արժանացած ադրբեջանցի Գունայ Մամազադային և լեհ Ալեքսանդրա Մալցևսկայային, որոնց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:

Մկրտչյանը պարգևատրվեց 6 հազար եվրոյով: Նա նաև իրավունք ստացավ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլին:

8,5 միավորով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց Մոնիկա Սոչկոն, որը պարգևատրվեց 10 հազար եվրոյով: Նախկինում Սոչկոն Եվրոպայի անհատական առաջնություններում ամենամեծ հաջողությանը հասել էր 2010թ. Ռիեկայում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի ուղեգիր նվաճեց նաև Աննա Սարգսյանը, որը սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Սոֆի Միլիետին և վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Աննան կստանա 1857 եվրո պարգևավճար:

Անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը սևերով պարտվեց ռումինացի Իրինա Բուլմագային ու 7 միավորով գրավեց 14-րդ տեղը: Էլինան կպարգևատրվի 875 եվրոյով:

6,5-ական միավոր վաստակեցին Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը: Մարիան սևերով զիջեց սերբ Թեոդորա Ինյացին ու առաջնությունն ավարտեց 22-րդ տեղում: Մարիամն էլ սպիտակներով պարտվեց  Բուլղարիան ներկայացնող Նուրգյուլ Սալիմովային ու զբաղեցրեց 25-րդ տեղը:  

Հայաստանի 6 ներկայացուցիչներից ամենացածր արդյունքը ցույց տվեց Սուսաննա Գաբոյանը: Վերջին տուրում նա սպիտակներով հաշտություն կնքեց վրացի Լիլե Քորիձեի հետ ու 5 միավորով առաջնության 123 մասնակիցների մեջ գրավեց 78-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ