MLS-ի մամուլի ծառայությունը սխալ է թույլ տվել ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ Սերխիո Բուսկետսի տրենսֆերը հաստատելիս։
Սոցցանցերի հրապարակումներից մեկում լիգան իսպանացի կիսապաշտպանի լուսանկարի փոխարեն հրապարակել է Իսպանիայի հավաքականում Բուսկետսի նախկին թիմակից Ալվարո Արբելոայի լուսանկարը՝ աշխարհի գավաթը ձեռքին։ Կարճ ժամանակ անց լուսանկարը հեռացվել է։

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Բուսկետսը «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 35-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» սան, գլխավոր թիմում խաղացել է 2008-2023 թվականներին՝ 722 խաղում դառնալով 18 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ։ Կատալոնացիների հետ իսպանացին նվաճել է 32 տիտղոս:


