Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Մոհամեդ Ալիի թոռ Բյաջո Ալի Ուոլշը շնորհակալական սերտիֆիկատի է արժանացել բարի արարքի համար։
Ուոլշը թիկնապահ է աշխատում Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկում։ Վաղ առավոտյան նա նկատել է անսթափ վիճակում գտնվող մի կնոջ, որին ուղեկցել է անծանոթ տղամարդ։ Ուոլշը միջամտել է ու թույլ չի տվել տղամարդուն իր հետ տանել կնոջը։
«Այդ տղամարդը ցանկանում էր տանել կնոջը, որը գրեթե չէր կարողանում քայլել։ Ես հարցրեցի կնոջը, թե արդյոք ճանաչում է այդ տղամարդուն, և նա պատասխանեց, որ՝ ոչ։ Ես մի կողմ տարա տղամարդուն և ասացի, որ հանգիստ թողնի նրան։ Նա դրսևորեց ագրեսիվ վարք, ինչի պատճառով ձերբակալվեց։ Ես պարզապես արեցի իմ աշխատանքը»,- Բյաջո Ալի Ուոլշի խոսքը մեջբերում է Mirror Fighting-ը։
Ալի Ուոլշը 2022-ի օգոստոսից է աշխատում այդ գիշերային ակումբում։ Նա ելույթ է ունենում PFL-ում և երեք մենամարտ է անցկացրել MMA-ում (խառը մենամարտեր)՝ հաղթելով երկուսում։ 2022-ի նոյեմբերի 25-ին Նյու Յորքում կայացած նախորդ մենամարտում ամերիկացի մարտիկն առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է Թոմ Գրեսերին։


