Logo

Մորի Կոնեն «Շիրակի» պատմության մեջ ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:11 / 19.04.2025• Ֆուտբոլ
Բացառիկ
null

ԲԿՄԱ-ի հետ խաղում ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտնելուց 10 րոպե անց Մորի Կոնեն գրավեց մրցակցի դարպասը և բոլոր մրցաշարերում խփած 31 գոլով դարձավ «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա գերազանցեց Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս թիմի կազմում 30 գոլի հեղինակ էր դարձել:

Իվուարցի հարձակվողն այս իրադարձությանը երկար սպասեցնել տվեց: Նախորդ գոլը նա խփել էր անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին «Գանձասարի» դարպասը: Դրանից հետո Կոնեն վնասվածքի պատճառով հաջորդ 6 խաղերում խաղադաշտ դուրս չեկավ, իսկ ապաքինվելուց հետո վերջապես բացեց գոլերի հաշիվն առաջնության գարնանային հատվածում՝ Ռազմիկ Հակոբյանի հետ 4 գնդակով գլխավորելով թիմի լավագույն ռմբարկուների ցանկը:

Մորի Կոնեն Հայաստանում հայտնվեց 2019թ. ամռանը՝ «Շիրակ» տեղափոխվելով լատվիական «Դաուգավպիլսից»: «Ուրարտուի» հետ օգոստոսի 2-ին անցկացրած իր նորամուտի խաղում Կոնեն դուբլի հեղինակ դարձավ: 2019/20թթ. առաջնությունում իվուարցի ֆուտբոլիստն աչքի ընկավ իր բարձր արդյունավետությամբ ու տպավորիչ ցուցանիշներ գրանցեց: Նա 23 գնդակով ոչ միայն դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն, այլև երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց:

Առաջին նվաճումը Մարկոս Պիզելիի 13-ամյա վաղեմության ռեկորդի գերազանցումն էր: Բրազիլացի ֆուտբոլիստը 2007թ. «Արարատում» 22 գոլի հեղինակ էր դարձել՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Մարկոսը գերազանցել էր «Վանի» հույն ֆուտբոլիստ Արա Եվդոկիմովի ցուցանիշը, որը 1993թ. 21 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:

Իհարկե, բնավ էլ չնսեմացնելով Մարկոսի ռեկորդային ցուցանիշը, այնուամենայնիվ արձանագրենք, որ իր օգտին գրանցած 22 գոլերից 8-ը նա խփել էր 11մ հարվածով: Մինչդեռ Կոնեն միայն մեկ գոլ էր խփել 11մ հարվածով՝ աչքի ընկնելով «Ալաշկերտի» հետ առաջնության ավարտական խաղում: Մինչև այդ նա ընդամենը մեկ անգամ էր 11մ հարված կատարել, որը հետ էր մղել «Արարատի» դարպասապահ Սերգեյ Ռևյակինը:

Մորի Կոնեի երկրորդ նվաճումը մեկ մրցաշրջանի արդյունավետությամբ «Շիրակի» ռեկորդակիր դառնալն էր: Նա գերազանցեց նախկին շիրակցի, իր հայրենակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը, որը «Շիրակի» ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ էր գործել՝ 2014/15թթ. առաջնության 25 հանդիպումներում դառնալով 21 գոլի հեղինակ և փյունիկցի Սեսար Ռոմերոյի հետ ճանաչվելով մրցաշարի լավագույն ռմբարկու:

Ցավոք, հետագայում Մորի Կոնեն այլևս աչքի չընկավ բարձր արդյունավետությամբ: Հաջորդ մրցաշրջանում ընդամենը մեկ խաղ անցկացնելով «Շիրակում», նա իր մի խումբ թիմակիցների հետ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 7 գոլ խփեց: Իսկ մրցաշրջանի ավարտից հետո Կոնեն հեռացավ Հայաստանից՝ ելույթները շարունակելով Հունգարիայում և Թուրքիայում:

Նախորդ մրցաշրջանում Մորի Կոնեն վերադարձավ «Շիրակ», որի կազմում պաշտոնական մրցումներում ընդամենը 4 գոլ խփեց՝ 3-ը՝ առաջնությունում, մեկը՝ գավաթի մրցաշարում:

FastNews-ը ներկայացնում է ակումբային բոլոր մրցաշարերում «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

ՍԳ

Ե

ԸՆԴ

1. Մորի Կոնե

30

1

-

-

31

2. Մուսա Փոլ Բակայոկո

23

6

1

-

30

3. Ժան-Ժակ Բուգուհի

23

-

-

3

26

4. Լամին Լի Յորո

22

1

-

1

24

5. Ֆոֆանա Բեկո

15

-

-

3

18

6. Դամե Դիոպ

12

5

-

1

18

7. Սերժ Դեբլե

15

-

1

1

17

8. Դոնալդ Կոդիա

12

1

-

-

13

9. Դրիսա Դիարասուբա

11

-

-

-

11

10. Սոլոմոն Իմե Ուդո

8

1

-

-

9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ