Իսպանական «Սելտայի», ֆրանսիական «Ստրասբուրի», Մոսկվայի «Սպարտակի» ու Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի` Դորտմունդի «Բորուսիա» հավանական տեղափոխության մասին.
«Այդ տեղափոխությունը հիանալի կլինի Սպերցյանի համար, սակայն Ռոյսին փոխարինելն այլ բան։ Դժվար թե հիմա նա փոխարինի Ռոյսին։ Ես չէի ասի, թե Էդուարդը փորձառու չէ, բայց դեռ շատ բան ունի սովորելու։
Բոլոր նրանք, որոնք Ռուսաստանից հեռացել են, խնդիրներ են ունեցել եվրոպական ֆուտբոլում։ Արսեն Զախարյանին «Ռեալ Սոսիեդադում» չի հերիքում ագրեսիվությունը, Ալեքսանդր Գոլովինը նույնպես սկզբնական շրջանում խնդիրներ ուներ «Մոնակոյում»։
Շատ լավ է, որ «Բորուսիայի» նման ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով։ Նա այնտեղ կարող է մեծ առաջընթաց գրանցել»,- մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք` ավելի վաղ Transfermarkt պորտալը հայտնել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով։ «Բորուսիայում» նրան դիտարկում են` որպես ակումբից հեռացող Մարկո Ռոյսի փոխարինողի։