Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Գասիևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը:
«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- դիմելով նրան՝ ասել է Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը հաջողություն և հաղթանակ է մաղթել Մուրատ Գասիևին առաջիկա մենամարտում և հավելել, որ հետևելու է բռցքամարտիկի ելույթին:
Գասիևը հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում Մուրատ Գասիևը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայք Բալոգունի հետ։


