Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային չի հաջողվել ստանալ աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղաշապիկը:
«Բավարիա» - ՊՍԺ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո 20-ամյա ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրից խնդրել է մարզաշապիկը, իսկ վերջինս պատասխանել է, որ այն կտա հանդերձարան տանող ճանապարհին: Արդյունքում Մուսիալային չի հաջողվել ստանալ Արգենտինայի ազգային հավաքականի առաջատարի մարզաշապիկը:
«Չկարողացա ստանալ Մեսիի խաղաշապիկը: Ես չգտա նրան»,- գերմանացի խաղացողի խոսքը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» երկխաղյա դիմակայության արդյունքում 3-0 (1-0, 2-0) հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: