25 տարի անց Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձած Ժոզե Մոուրինյոն խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորության մասին, հաղորդում է A Bola-ն:
«Չորս կամ վեց տարի առաջ ես շփվում էի «Բենֆիկայի» ղեկավարության հետ, բայց աշխատանք ունեի, և ոչինչ չստացվեց։ Այս ամառ ես ընդհանրապես կապ չունեի «Բենֆիկայի» հետ։ Ակումբում ոչ մեկի հետ չէի շփվում։ Ես պայմանագիր ունեի «Ֆեներբահչեի» հետ և մտադիր էի մինչև վերջ աշխատել։ Ես միշտ մտածել եմ, որ Ռոբերտո Մարտինեսը կարող է հաղթել աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որից հետո նա կցանկանա հեռանալ, իսկ ես կփոխարինեմ նրան։
Երբ «Բենֆիկան» պարտվեց «Քարաբախին», ես կնոջս հետ Բարսելոնայում էի, և հաջորդ օրն ակումբի նախագահը զանգեց ինձ, ասաց. «Պարոն, կարո՞ղ ենք խոսել։ Ես կցանկանայի տեսնել մի մարզչի, որը կարող է կառավարել «Բենֆիկան»»։ Ես պատասխանեցի, որ ավելի ուշ կժամանեմ Պորտուգալիա, իսկ հետո կխոսենք։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասել է պորտուգալացի մասնագետը:


