Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» օգոստոսի 12-ին ընկերական հանդիպում է անցկացրել ալբանական «Պարտիզանի» հետ և Էլ-Շարավիի ու Անդրեա Բելոտիի գոլերի օգնությամբ հաղթել 2-1 հաշվով:
Իտալական ակումբը բավական տպավորիչ ելույթ է ունեցել, իսկ Ժոզե Մոուրինյոն աչքի է ընկել անսովոր ու եզակի որոշումով: Չնայած այն հանգամանքին, որ Ժոզեն արդեն իսկ կատարել էր թույլատրելի քանակի փոփոխությունները, պորտուգալացին երկրորդ խաղակեսում խաղադաշտից հանել է թիմի ալժիրցի նորեկ Ուսեմ Աուարին: 25-ամյա կիսապաշտպանի փոխարեն ոչ ոք խաղադաշտ չի մտել, և արդյունքում Մոուրինյոյի գլխավորած թիմը հանդիպումն ավարտել է 10 ֆուտբոլիստով:
Մոուրինյոյի՝ հռոմեական ակումբի նոր «22» համարին խաղադաշտից հանելու որոշման պատճառն այն էր, որ ֆուտբոլիստի հետ պայքարում մրցակիցը շատ էր խախտում կանոնները: Պորտուգալացին թիմի նորեկին խաղադաշտից հանել է, որպեսզի նա վնասվածք չստանա առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ:
Աուարը շփոթվել է Մոուրինյոյի որոշումից, սակայն մարզիչը մոտեցել է նրան ու բացատրել: Դրանից հետո Մոուրինյոն մի քանի խոսք է ասել նաև մրցավարի օգնականին՝ հավանաբար նշելով, որ ավելի լավ է այս խաղն ավարտել 10 ֆուտբոլիստով, քան խաղից հետո որոշ ժամանակով մնալ առանց Աուարի:


