«Մանչեսթեր Յունայթեդն» 81-ամյա երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր նստատեղից, քանի որ դրա հետևում գտնվող տարածքը վերածվելու է VIP հատվածի՝ ավելի շատ եկամուտ ստանալու նպատակով, հաղորդում է The Sun-ը:
Ակումբը տարեց երկրպագու Մայքլ Քարնիին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանից նրանից կվերցվի աթոռն ու կվաճառվի կորպորացիայի: Երկրպագուն լեգենդար մարզադաշտում այդ տեղը զբաղեցրել է 45 տարի:
«Ես այստեղ նստած էի, երբ դուք դեռ չէիք ծնվել... 74 տարվա նվիրված աջակցություն... Եվ հանուն ինչի՞»,- Քարնին նշված գրությամբ պաստառը ձեռքին «Մանչեսթեր Սիթիի» դեմ ապրիլի 6-ին կայացած խաղի (0-0) ժամանակ շրջվել է դեպի տրիբունայի այն հատվածը, որտեղ սովորաբար տեղ են զբաղեցնում «Կարմիր սատանաների» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆն ու ակումբի ղեկավարությունը:



