Հայերենում որոշիչ երկրորդական նախադասությունը շատ հաճախ գլխավոր նախադասությանը սխալմամբ կապակցում են ով-ով՝ որ-ի փոխարեն։
Ճիշտ կողմնորոշվելու և որ-ի փոխարեն սխալմամբ ով չկիրառելու համար երկրորդական նախադասությանը պետք է հարց տալ. եթե այն պատասխանում է ո՞ր հարցին, պետք է գործածել հենց որ հարաբերականը:
Հուշում․ գոյականների հետ միշտ գործածում ենք որ(ը) հարաբերականը: Օրինակ՝ Նարեն, որը սովորում էր արտերկրում, վերադարձավ Հայաստան:
Ով հարաբերականը գործածելի է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ նրա լրացյալը նա դերանունն է, այսինքն՝ գործ ունենք նա, ով կառույցի և դրա տարբեր դրսևորումների հետ: Միաժամանակ այն կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ լրացնում է յուրաքանչյուր, յուրաքանչյուր ոք, բոլորը, ամեն ոք և այլ դերանունների։ Օրինակ՝ Նա, ով կտրված է իրականությունից, չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը:
Այսպիսով՝ գոյականների հետ գործածում ենք որ հարաբերականը, իսկ դերանունների հետ՝ ով-ը (նաև որ-ը)։
աղբյուր՝ լեզվի կոմիտե

