Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի զղջում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվել եվրոպական ակումբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին գերմանական, իտալական ու իսպանական ակումբներ։
«Հիմա արդեն ուշ է արտասահմանյան ակումբ տեղափոխվելու մասին մտածելու համար։ Եթե մտածեմ միայն դրա մասին, չեմ կարող կենտրոնանալ կարևորի վրա։ Այնպես որ, ընդհանրապես չեմ մտածում այդ մասին ու ոչնչի համար չեմ զղջում։ Ես երջանիկ եմ «Լոկոմոտիվում», և դա ամենակարևորն է։
Արդեն ասել եմ, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ցանկացած ֆուտբոլիստ ունի իր ուժերն ավելի ուժեղ առաջնությունում փորձելու ցանկություն։ Եվ դա միանգամայն նորմալ է։ Կարևոր է այդ խոսքերն ամրագրել գործողություններով, նվիրվածությամբ ու առաջադիմելով»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, խփել 6 գոլի ու կատարել 4 ասիստ։


