Logo

«Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը». Արմեն Սարգսյանի նամակը ՖԻՖԱ-ի նախագահին

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:43 / 27.01.2022Լուրեր
Fifa-Armen Sargsyan

Հունվարի 23-ին ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարած Արմեն Սարգսյանը ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին հղած նամակում հավաստիացրել է, որ իր հրաժարականը չի խոչընդոտի նախկինում համաձայնեցված ծրագրերի հաջող իրագործմանը։ Դա վերաբերում է նաև Հայաստանում «Լեգենդների խաղի» անցկացմանը՝ հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ Հայաստանում նախկին և ներկայիս աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ նման ընկերական խաղի կազմակերպման հնարավորությունն Արմեն Սարգսյանը և Ջանի Ինֆանտինոն քննարկել են 2021 թվականի վերջին՝ Կատարում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այն ժամանակ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՖԻՖԱ-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության հիմք է ստեղծվել:

Այժմ նախագահ Սարգսյանը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարին հավաստիացրել է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ ներդրում ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ամբողջ կյանքի առաքելությունն է, ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման. դա չի սահմանափակվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեզ և ՖԻՖԱ-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում նախատեսված «Լեգենդների խաղի» կազմակերպմանը: Կարծում եմ, որ այդ նախաձեռնությունը մեծապես կնպաստի Հայաստանում սպորտի զարգացմանը՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնել 2022 թվականին մեր երկրում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա