Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա սկսած ամերիկացի նախկին բլոգեր Ջեյք Փոլը խոսել է լեգենդար Մայք Թայսոնի դեմ կայանալիք մենամարտի մասին։
«Անկասկած, Թայսոնը կլինի իմ ամենադժվար, ամենադաժան, ամենամահաբեր մրցակիցը, չնայած իր տարիքին, քանի որ ուժը վերջինն է հեռանում մարդուց: Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ, որ նման մենամարտ է կայանալու, սա սյուրռեալիստական է, շնորհակալ եմ այս հնարավորության համար:
Ուզում եմ տեսնել, թե ինչ ուժգնությամբ է հարվածելու Թայսոնը։ Լեգենդներն ասում են, որ դու «Երկաթե Մայքն» ես: Ես էլ երկաթե կզակ ունեմ, մարդիկ գիտեն այս մասին։ Ես չեմ ընկնում, երբ ինձ հարվածում են»,- նշել է Փոլն իր փոդքասթում:
57-ամյա Թայսոնի (50-6, 44 նոկաուտ) և 27-ամյա Փոլի (9-1, 6 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասում:
Փոլը 2020 թվականից է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա սկսել։ Սկզբում նա մենամարտում էր բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Նա բռնցքամարտի կանոններով անցկացրած մենամարտերում հաղթել է MMA-ի մարտիկներ Բեն Ասկրենին, Թայրոն Վուդլիին, Անդերսոն Սիլվային և Նեյթ Դիասին։ Ջեյք Փոլը նաև մենամարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, պարտվել է Թոմի Ֆյուրիին (Թայսոն Ֆյուրիի կրտսեր եղբայրը), հաղթել է փորձառու բռնցքամարտիկներ Ռայան Բյուրլանդին (17-2-1) և Անդրե Օգաստին (10-1-1):
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, այն ավարտվել էր ոչ-ոքի:


