Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին հաստատել է տեղեկությունը, որ ակումբը մտադիր է երկարաձգել իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
«Այո, կա պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգելու կետ, որը պատրաստվում ենք ակտիվացնել: Լուչիանոն մնում է «Նապոլիում»: Նա մեր ծրագրի գլխավոր անձանցից է»,- Ջունտոլիի խոսքը փոխանցում է Corriere dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Լուչիանո Սպալետին իտալական ակումբը գլխավորում է 2021 թվականից:
Իտալիայի առաջնությունում «Նապոլին» 41 միավորով առաջատարն է ու երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Միլանին» գերազանցում է 8 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Եվրոպա լիգայի գործող հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ:


