«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է ակումբում մարզչական փոփոխության մասին: Վալտեր Մացարին պաշտոնանկ է արվել անբավարար արդյունքների պատճառով:
Իտալացին Նեապոլ էր վերադարձել 2023-ի նոյեմբերի 16-ին: Այս ընթացքում Իտալիայի գործող չեմպիոնը 6 հաղթանակ է տարել, 3 ոչ-ոքի խաղացել և 8 պարտություն կրել:
«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանչեսկո Կալցոնան: Իտալացին համատեղելու է աշխատանքը Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ:
55-ամյա մասնագետը նախկինում «Նապոլիում» եղել է Մաուրիցիո Սարիի և Լուչիանո Սպալետիի օգնականը:
Փետրվարի 21-ին «Նապոլին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրից հետո նեապոլցիները 36 միավորով 9-րդ տեղում են։


